168.am-ը գրում է․

Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 107,120,136.4 հազար դրամի չափով` Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազար դրամի դիմաց:

«Առողջապահության մասը լրիվ խայտառակություն է, աբսուրդ: Զիմբաբվեն ու Մոզամբիկը հաստատ առողջապահական ավելի լավ ծրագիր ունեն, քան այն, որ այսօր ներկայացվել է Երևան քաղաքում: Սա ընդամենը մի մեծ գյուղի սպասարկման համար  գրված ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ներկայացված նախագծի մասին՝ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

«Առողջապահական կազմակերպությունների համար անհրաժեշտ  բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը  179 միլիոն 600.000 դրամ է՝ 2019թ.146 միլիոն 310.000-ի փոխարեն: Չկա, թե , օրինակ՝ ուլտրաձայնային ստացիոնար  հետազոտման սարքերը, բիոքիմիական անալիզատորներն ինչի հիման վրա են գնում: Եթե բյուջե ես ներկայացնում, պետք է ասես՝ համաձայն մոնիտորինգի արդյունքների՝  հետևյալ սարքերի գնման խնդիրն ունենք: Ի՞նչ սարքեր ես գնելու. նույն միջին կարգի ուլտրաձայնային սարքերի գինը մոտ 25.000-30.000 դոլար է: Չկա հստակ գրված, թե ո՞ր սարքից՝ ինչքա՞ն են նախատեսում գնել: Կամ, ինչպե՞ս են որոշել թվարկված տեխնիկան գնել, կարող է՝ ուրիշ նյութերի կարիքը կար:

Կամ, դու նոր սարք ես գնում, բայց բժիշկները լիարժեք վերապատրաստված չեն, և, եթե սրա արդյունքում բնակիչը լիարժեք չի վստահում բժշկին,  խոսքն ինչի՞ մասին է:

Մյուս կետն առողջապահական օբյեկտների հիմնանորոգումն է, որի համար 250 միլիոն դրամ են տալիս՝ շտապ օգնության առաջին, երկրորդ, չորրորդ  ենթակայաններն ու երկու պոլիկլինիկաների տանիք վերանորոգելու նպատակով:

Բյուջեում չի խոսվում գոնե մեկ պոլիկլինիկայի հիմնանորոգման մասին: Ինչպես նաև՝ ընդամենը 13 միլիոն 250.000 դրամ են հատկացնում համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն 250 անձի տրամադրելու համար: Այսինքն, Երևանում, որ 1 միլիոնից ավելի մարդ է բնակվում, ընդամենը 250 հոգու մասին է այստեղ խոսք գնում»,- մանրամասնեց ավագանու անդամը:

Միքայել Մանրիկյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 14 միլիոն  դրամ հատկացնել հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման համար, որից, մասնավորապես, 9 միլիոն դրամ՝ այդ զուգարանների պահպանման, և 5 միլիոն դրամ՝ երկու նոր զուգարան Արաբկիր վարչական համայնքում կառուցելու համար:

«Հարց՝ ինչո՞ւ երկու զուգարան և ինչո՞ւ հենց Արաբկիրում:  Ի դեպ, 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 148 միլիոն հատկացնել ներդրումային ծրագրերին, որից 18 միլիոնը  նախատեսվում է ներդրումային ծրագրերի վերաբերյալ տարատեսակ տեղեկատվական բուկլետների, կատալոգների տպագրության համար: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ նոր զուգարաններ կառուցելու համար 5 միլիոն դրամ ենք տրամադրում, իսկ բուկլետների համար՝ 18 միլիոն:

Խայտառակություն է նաև կանաչապատման ծրագիրը: Հատկապես Սարալանջի հատվածը դեռևս գարնանը պետք է կանաչապատեին, չարեցին, որովհետև 4-5 ամիս է՝ չունենք Կանաչապատման  վարչության պետ: Այս բյուջեով նախատեսել են ՀՈԱԿ ստեղծել և գումար հատկացնել: Դեռ չի ստեղծել, բայց գումար է հատկացնում»,- նկատեց ավագանու անդամը:

Միքայել Մանրիկյանը տեղեկացրեց նաև, որ իրենց  առաջարկներն ու դիտողություններն են ուղարկելու քաղաքապետին:

«Առաջարկելու եմ, որ առողջապահական բյուջեն ավելանա մի քիչ ու գոնե պոլիկլինիկաների միայն կտուրները չվերանորոգեն»,- եզրափակեց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել