168.am-ը գրում է.

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Վաշինգտոնի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին։

ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս է եկել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ձգտում են պահպանել այն: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկում է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը վերստին սկսել է ուրան հարստացնել:

«Պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն է՝ իրենից ներկայացնելով մի միջոց, որն ընդունվել է միջազգային նորմերի դեմ»,-հայտարարել է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ:

Ռոհանիի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել