Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումը հերթական անգամ ցույց է տալիս մեր թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական հեղափոխության հաղթանակը։

9։1-ն աննախադեպ է նորանկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ։

Սա մյուս 100 փաստերից մեկն է, որը մենք կյանքի ենք կոչում։

Մենք խոստացել էինք դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ ապահովել մեր հպարտ քաղաքացիների համար։ Մեր խոստումը կատարված է։ Մենք ականատեսը դարձանք 10 գոլի։ Ու կապ չունի, թե ովքեր են դրանք խփել։ Մենք խաղաղասեր ենք, ու չարժեր, որ մեր ֆուտբոլիստները տանջվեին հանուն ոչնչնի։

Տեղի ունեցածը բավարարում էր բոլոր կողմերին՝ և՛ իտալացիներին, որոնք ընդամենը 9 գոլ խփեցին, և՛ մեզ, քանզի մի ամբողջ գնդակ ուղարկեցինք իտալացիների անառիկ համարվող դարպասը։

Հակահեղափոխականները հայտարարում են, որ սա խայտառակություն է, բայց դա իրենց ջղաձգությունն է։ Նրանք չեն տեսնում, թե ինչ փոփոխություններ կան նոր Հայաստանում։ Ե՞րբ էինք մենք 10 գոլ տեսել մեկ խաղի ընթացքում։ Երբե՛ք։ Դե թող հանգիստ նստեն տեղները։

Նախկինի վերադարձ չի լինելու։ Ճղճիմ 1։0 կամ նմանատիպ այլ հաշիվներով խաղեր այլևս չեն լինելու։

9։1-ը հաղթանակ էր։ Խորովածի բույրով լցված հաղթանակ։

Եվ ուրեմն, կեցցենք մենք, որ դեռ կարողանում ենք հպարտ քաղաքացուն ֆռռացնել, կեցցե՛ հպարտ քաղաքացին, որը շարունակում է հավատալ ինձ, կեցցե՛ն մեր ֆուտբոլիստները, որոնք մեզ ուրախություն են պարգևում, կեցցեն մեր երեխաները, որոնք ապրում են ազատ, երջանիկ ու նոր վերանորոգված բնակարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել