168.am-ը գրում է.

Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում փոխադարձ վստահության միջոցառումների շրջանակում մի խումբ հայ լրագրողներ մեկնել են Բաքու: Ըստ շրջանառվող, սակայն պաշտոնապես չհաստատվող տեղեկությունների, հայ լրագրողները Բաքու են մեկնել նոյեմբերի 17-ին: Այցի մասին լռություն են պահպանում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակները: «168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ոչ հաստատեց, սակայն ոչ էլ հերքեց այս թեմայի հետ կապված տեղեկությունները՝ հրաժարվելով պատասխանել մեր հարցերին:

«Թուրան» գործակալության համաձայն՝ հայ լրագրողներն այցելելու են ադրբեջանական մի շարք պետական կառույցներ, հանդիպումներ են ունենալու փորձագետների հետ: Ավելին, տվյալ գործակալության աղբյուրը փոխանցում է, որ լրագրողական փոխայցերը երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածությունների արդյունք են՝ «փոխադարձ վստահություն ստեղծելու հարցով մարդասիրական քայլերի շրջանակներում»: Մեկ այլ լրատվական կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցի լրագրողների խումբը Հայաստան է ժամանելու հոկտեմբերի 18-19-ին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ծրագրին մասնակցում են երեքական լրագրողներ յուրաքանչյուր երկրից: Վերջին ժամերին ադրբեջանական ԶԼՄ-ները զբաղվում են Բաքու մեկնած հայ լրագրողների փնտրտուքով և ինքնության բացահայտմամբ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարության մոտ ադրբեջանցի մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ լրագրողական փոխայցերի:

Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով տեղեկացրել էր, որ Երևանը և Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակում են բանակցել լրագրողների փոխայցելությունների շուրջ, երկխոսության դրական ելքի հույսերը պահպանվում են: Արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքներով «մարդասիրական մի շարք քայլերի հեռանկարներ» են ձևավորվել։ «Այդ ժամանակ քննարկվել են նաև հարցեր՝ կապված պահվող անձանց, զոհերի մարմինների, լրագրողների փոխադարձ այցելությունների հետ, որպեսզի իրավիճակը մի փոքր մեղմանա և վստահության մթնոլորտ ստեղծվի: Լրագրողների մասով, որքան գիտեմ…, ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ, ընթանում է երկխոսություն, հույս կա»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիս ամսին կողմերի միջև ձեռք բերված հումանիտար բնույթի պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի էին փոխանցել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019-ի մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։ Նրա խոսքով` այս գործընթացը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառում չի եղել:

«168 Ժամի» հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը փորձեց բացատրել, թե ինչո՞ւ է լրագրողական փոխայցերի հետ կապված ողջ տեղեկատվությունը պահվում գաղտնիության քողի ներքո: Թևան Պողոսյանը նշեց, որ 2000-ական թվականներին իր ղեկավարած կենտրոնը ներգրավված է եղել թե հայ-թուրքական, թե Հայաստան-Արցախ-Ադրբեջան ժողովրդական դիվանագիտության գործընթացում, և սովորաբար տեղեկատվությունը հստակեցվել է այցերից հետո:

«Ճիշտ է, երբ այցերի մասին տեղեկատվություն տարածվում է դրանց կայանալուց հետո՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ մարդկային ընկալումներն ու դրսևորումները շատ տարբեր կարող են լինել: Ուստի ավելի ճիշտ կլինի սպասել տեղեկատվության այցերից հետո»,- ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ կարևոր է լինելու գնահատել այս այցերի արդյունքը: Պողոսյանի կարծիքով՝ առաջին նմանատիպ այցից գերագնահատված սպասելիքներ պետք չէ ունենալ: «Սա հնարավորություն կտա Ադրբեջանում առկա տրամադրությունների, գործընթացների մասին ճիշտ և ազնիվ տեղեկություններ ստանալ մեր լրագրողներից, նրանք կպատմեն այն, ինչ իրենց աչքով են տեսել, ինչն ավելի վստահելի է, քան ադրբեջանական մամուլը: Առաջին այցից սա պետք է սպասենք: Բայց եկեք սպասենք արդյունքներին և այցը գնահատենք՝ դրանցից ելնելով»,- ասաց Թևան Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել