Aysor.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ բյուջեի մասին ամփոփիչ ելույթում խնդրահարույց հարցեր կան: Վարչապետը 2020թ. բյուջեի հեղափոխականությունը փորձ արեց հիմնավորել 2018-19թթ. սոցիալ-տնտեսական հաջողություններով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով Բյուջե 2020 նախագծի վերջնական քննարկման մասին:

«Նախ, շատ երկար վերլուծության ու խորը մեկնաբանության խնդիր է, թե այդ հաջողությունների որ մասն է իրականություն, որը՝ մանիպուլյացիա, որն է իրականացված տնտեսական քաղաքականության արդյունք, որը՝ արտաքին իրավիճակային գործոնների ազդեցության հետևանք: Երկրորդ, որքանո՞վ է կոռեկտ նախորդ երկու տարիների վիճակագրության հիման վրա գնահատական տալ դեռևս, այսպես ասած, «չգործարկված» բյուջեին: Եվ առհասարակ,   ի՞նչ հեղափոխական բյուջեի մասին է խոսքը, եթե կարիք կա Ազգային ժողովի ամբիոնից առաջին դեմքով բացատրել դրա հեղափոխականությունը: Հեղափոխական ամեն ինչը, բոլոր գրված ու չգրված օրենքներով, հանրության համար այնքան ակնհայտ ու տեսանելի պետք է լինի, որ բացատրության կարիք չունենա»,- ասաց փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Փորձագետը պնդում է, որ, այո, պետք է տնտեսական քաղաքականության արդյունքում արձանագրված դրական  երևույթների մասին խոսել: Մինչդեռ, ըստ Լ. Ամիրխանյանի, մի դրական երևույթը տարատեսակ ձևակերպումներով փորձ է արվում բազմապատկել.
«Ընթացիկ տարվա բյուջեի եկամտային մասին աճը, որն իսկապես կա, հիմնականում պայմանավորված է հարկային քաղաքականությամբ: Սրա ներքո է ստվերի դեմ պայքարի քաղաքականությունն ու գրանցված աշխատողների թվի աճը: Սա այն է, ինչ կա իրականում: Հիմա, կարելի է մեկ նախադասությամբ սրա մասին խոսել, կարելի է տարանջատել ու, որպես առանձին բաղադրիչներ, ավելի շատ դրական փաստերի ներքո ներկայացնել: Իշխանությունը շարժվում է երկրորդ տրամաբանությամբ: Նույնը կարելի է ասել նոր աշխատատեղերի հարցի շահարկման մասին. հասկանալի՞ է չէ, որ կրկին գործ ունենք ոչ թե նոր աշխատատեղերի հետ, այլ՝ եղածների օրինական դաշտ բերելու արդյունքի հետ: Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ դա լավ չէ, բայց լավ չէ, որ մի փաստը տարբեր կերպ մանիպուլացվում ու վաճառվում է հանրությանը», - մանրամասնեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել