Pastinfo.am-ը գրում է.

Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Վերջինս նկատեց, որ այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները ձեռք են բերվել ոչ թե 160 հազ դրամով, այլ 164 հազ դրամով. «Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք։ Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչու՞ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,-նշեց Թեհմինա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին հորդորելով Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկել, որպեսզի ստուգեն բոլոր փաստաթղթերը. «Եթե այդտեղ կոռուպցիա չկա, ապա մենք, այդ թվում նաև պարոն Փաշինյանը, ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից»,-հավելեց ավագանու անդամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել