Գրեթե մեկ դար է պահանջվել, որ ամբողջ աշխարհի գիտնականները վերջապես ճիշտ թարգմանեն Միջագետքում հայտնաբերված հին բաբելոնյան ցուցատախտակների սեպագիր գրությունները:

Ըստ National Public Radio-ի՝ հայտնաբերված ցուցատախտակներից երեքը թվագրվում են մ.թ.ա. 1730 թ.-ին, չորրորդը, ըստ գիտնականների, գրվել է դրանից մոտավորապես հազար տարի անց: Դրանցից մեկի վրա ներկայացված է 25 բաղադրատոմսերից բաղկացած յուրահատուկ հավաքածու, մնացածի վրա դրանք ավելի քիչ են, բայց ավելի մանրամասն են նկարագրված: Բոլոր բաղադրատոմսերը այժմ ցուցադրվում են Յելի թանգարանում:

Հատկանշական է, որ ի սկզբանե համարվում էր, որ ցուցատախտակների վրա բժշկական տեքստեր են գրված, բայց 1940-ին հետազոտող Մերի Հասին ենթադրեց, որ իրականում դրանց վրա խոհարարական բաղադրատոմսեր են զետեղված:

Այժմ գիտնականներին հաջողվել է վերծանել գրերի մեծ մասը, ներառյալ բուսական «գարեջրի հաց» և բազմաթիվ արգանակներ և ռագուներ պատրաստելու ցուցումները: Վերջիններս, ըստ գիտնականների, գլխավոր տեղն էին զբաղեցնում Միջագետքի բնակիչների ճաշացանկում և հաճախ էին եփվում գարեջրով:

Հետազոտողների փոքր թիմը կարողացավ վերստեղծել ներկայացված բաղադրատոմսերից երեքը՝ ճակնդեղով ռագու, բանջարեղենով և գառան մսով ռագու: Նրանց խոսքերով, այս խոհանոցի ավանդույթները կյանք են տվել շատ բաղադրիչների, որոնք այժմ օգտագործվում են ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել