Ռուսաստանը պատրաստ է աջակցել Թուրքիային տեխնոլոգիաներով՝ հինգերորդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում: Այդ մասին Դուբայում լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք այս ոլորտում առաջարկելու բան ունենք մեր թուրք գործընկերներին՝ տարբեր համակարգերի տեսանկյունից (հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու): Նրանք ևս զգալի ձեռքբերումներ ունեն: Մենք կարող ենք նրանց լրջորեն օգնել»,- ասել է Շուգաևը:

Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի առաքումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերով, C-400-ն ամբողջությամբ կգործարկվի 2020 թ.-ի ապրիլին:

Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել համաձայն CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենք): Անկարան հրաժարվել է զիջումների գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել