Pastinfo.am-ը գրում է.

«Ես նկատեցի, որ Գևորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի վերադառնալ Հայաստան։ Ամեն ինչ արեք՝ գա և ներկայանա նախաքննական մարմնին , իր տեղեկատվությունը հայտնի»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասել է, թե Կոստանյանի հարցազրույցից է նման տպավորություն ստացել։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազը չէ, որ որոշի՝ ում կանչի, ում՝ ոչ, եթե նախաքննական մարմինը նրա հետ կապված հարցեր ունի, ուրեմն, պետք է գա։ «Հեչ պետք չի Էյնշտեյնի ինչ-որ հայտնի աֆորիզմների հետևում ցույց տա, որ ինքն այնքան կարևոր է, որ իրեն փորձում է հավասարեցնել Էյնշտեյնի հետ։ Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում, գիրք կարդալու մեջ չէ խնդիրը, խնդիրը նրանում է, որ անձը իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրել կամ կրելու է իր քայլերի համար։ Հիմա եկել է ժամանակը, թող գա և պատասխան տա նախաքննական մարմնի հարցերին»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտարարել է, թե նախկինում մարդկանց, զինվորականներին ապօրինությունների էին դրդում եւ հիմա նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որի պատասխանները նաեւ Գեւորգ Կոստանյանը պետք է գտնի։

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակում, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում շոշափվում է նաեւ Գեւորգ Կոստանյանի անունը։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել