Միջնադարն իր մարազմատիկ պատկերացումներով կարող էր նկարագրել մեզ համար սովորական դարձած յուրաքանչյուր երևույթ։ Այսպես՝ նրանք նաև ամենատարօրինակ ձևով բացատրում էին, թե որտեղից են առաջանում երեխաները, և ինչ է պետք անել չհղիանալու համար։ 

Միջնադարյան մտածողները երեխայի առաջացումը համեմատում էին պանիրի ստեղծման հետ։ Նրանք նշում էին, որ դրա համար անհրաժեշտ է, որ հայրը տա իրենից մի քիչ «կաթը պանիր դարձնող նյութեր», մայրը շնորհի «կաթը», և նրանց խառնվելու արդյունքում կստեղծվի «պանիրը»՝ երեխան։ 

Նրանք հետաքրքիր պատկերացումներ ունեին տղամարդու և կնոջ ֆիզիոլոգիայի մասին։ Նրանք նշում էին, որ կինն ու տղամարդը ֆիզիոլոգիապես գրեթե նույնն են, ուղղակի կան որոշ օրգաններ, որոնք տարբերվում են, սակայն կինը կարծես շուռ տված տղամարդու պատկերն ունենա։ Այս պատկերացումները և՛ օգնում էին կնոջը, և՛ խանգարում։ Օրինակ՝ միջնադարյան մարդիկ հավատում էին, որ եթե կինը հղիանում է, նշանակում է, որ նա կարող էր այդ պահին տղամարդու պես լինել ու չհղիանալ, բայց ինքը որոշել է կին մնալ ու հղիացել է։ Դա էր պատճառը, որ եթե կնոջը բռնաբարում էին, ու նա բողոքում էր տղամարդու դեմ, բայց արդեն հղի էր լինում, նրա պահանջը ոչ մի դատավոր չէր բավարարում, ինչը, միանշանակ, հանգեցնում էր կնոջ իրավունքների խախտման։ 

Սակայն հղիության ամենահետաքրքիր մասը կապված էր այն հանգամանքի հետ, թե ինչպես էին միջնադարում նկարագրում կնոջ տղա կամ աղջիկ ունենալը։ Միջնադարում հավատում էին, որ կնոջ արգանդը կազմված է 7 հատվածից։ Դրանցից երեքը նախատեսված է աղջիկ ունենալու համար, երեքը՝ տղա, իսկ մեկն էլ նրա համար, որ կինը չհղիանա։ Աղջիկ ունենալու հատվածները գտնվում են աջ կողմում, տղայինը՝ ձախ, դրա համար սեռական հարաբերության ժամանակ ոչ միայն կինը, այլ նաև տղամարդը պետք է պառկեն աջ կողմի վրա, եթե աղջիկ են ուզում ունենալ և ձախի, եթե ուզում են ունենալ տղա։ Նրանք վստահ էին, որ տղամարդու սեռական օրգանների ձախ ու աջ կողմերը ևս նախատեսված են մեկը՝ տղա ունենալու համար, մյուսը՝ աղջիկ։ 

Սակայն ամենազվարճալին ու տարօրինակը դեռ առջևում է։ Քանի որ միջնադարում յուրաքանչյուր 5-րդ կին մահանում էր ծննդաբերության ընթացքում առաջ եկած դժվարությունների պատճառով, կանայք ամեն բան անում էին, որպեսզի կարողանան կանխել հղիությունը, սակայն դա անում էին շատ տարօրինակ ձևով։ Նրանց խորհուրդ էր տրվում կտրել այծի արգանդն ու կապել իրենց փորին ու այդպես շրջել կամ մողեսի պոչը պոկել, այն խառնել այլ բաղադրիչների հետ ու այս խառնուրդը դնել ուղիղ կրծքին ու այդպես շրջել։ Սա իբր թե օգնում էր ձերբազատվել անցանկալի հղիությունից, սակայն իրականում հանգեցնում էր նրան, որ խեղճ կենդանիներին տանջամահ էին անում, իսկ կինը, միևնույն է, հղիանում էր։ 

Անցան բավական երկար տարիներ, մինչև միջնադարյան պատկերացումները բժշկության մասին ձևափոխվեցին ու նոր շունչ ստացան։ Մինչ այդ բազմաթիվ կանայք ու տղամարդիկ տառապում էին՝ գլուխ կոտրելով, թե ինչպես ստեղծել երջանիկ ընտանեկան կյանք, որտեղ սեռական կյանքը կարող էր հանգեցնել նաև ցանկալի արդյունքին՝ ճիշտ ժամանակին հղիանալուն ու երեխաներ ունենալուն, սակայն դա նրանց մոտ այդպես էլ չէր ստացվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել