Ձեռնարկիչ Իլոն Մասքը կարծում է, որ Neuralink ընկերության՝ իր օժանդակությամբ ստեղծված մշակումները կարող են օգնել այն մարդկանց, որոնք տառապում են շիզոֆրենիայով, աուտիզմով կամ ամնեզիայով: Այդ մասին նա հայտնել է լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ի պորտալում։

«Կարծում եմ, որ Neuralink-ն ամենից առաջ կլուծի ուղեղի հետ կապված շատ խանգարումների խնդիրներ: Խոսքը կարող է վերաբերել, մասնավորապես, աուտիզմին, շիզոֆրենիային, հիշողության կորստին, բոլորն էլ հիշողության խնդիրներ են ունենում որոշակի տարիքում: Ծնողները չեն կարողանում հիշել երեխաների անունները եւ նման բաներ,- արձանագրել է Մասքը:- Կարծում եմ, որ Neuralink-ը կարող է վիթխարի օգուտ բերել այն դեպքերում, երբ լրջորեն վնասված է գլխուղեղը կամ ողնուղեղը: Կարելի է շատ բան անել՝ բարձրացնելու մարդկանց կյանքի որակը»:

Գյուտարարը նաեւ ենթադրել է, որ Neuralink-ը հեռանկարում կկարողանա առաջարկել մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչպես է կազմակերպված եւ գործում մարդու ուղեղը:

Ձեռնարկիչը նաեւ նշել է, որ, իր կարծիքով՝ Neuralink-ն ապագայում կօգնի բարձրացնել ուղեղի աշխատանքի արդյունավետությունը եւ ընդլայնել դրա հնարավորությունները համակարգչային համակարգերին միացնելու միջոցով: «Մենք չենք կարող ավելի խելացի լինել, քան թվային գերհամակարգիչը: Այնպես որ, եթե դուք չեք կարող դրանց գերազանցել, միացեք դրանց,- ասել Է Մասքը:- Մենք գոնե նման հնարավորություն կունենանք»: Neuralink ընկերությունը Կալիֆոռնիայում գրանցվել է 2016 թվականի հուլիսին՝ Մասքի աջակցությամբ: Հուլիսին Neuralink-ի ներկայացուցիչները The New York Times-ի լրագրողներին հայտնել են, որ ֆիրման 90 աշխատակից ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել