Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:

Հանդիպումների շարքը շարունակվեց Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ: Գլխավոր հանձնակատարն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջեց մատուռի տարածքում, ծանոթացավ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին: Թեմական առաջնորդի հետ զրույց ծավալվեց համայնք-եկեղեցի կապի, իրականացվող միջոցառումների և համայնքի կյանքում եկեղեցու դերի շուրջ: Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել