Armlur.am-ը գրում է․

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, որի պնդմամբ` երեխաների օրգանների վաճառքի մասի որեւէ խոսք չկա:

Ըստ ԱԱԾ-ի` ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտտեղեկություններովհոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը`ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ:

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: ԱԱԾ այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ, սակայն ուշագրավ էր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը: Վերջինս սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հիշեցնելով Կառավարության հունվարի 10-ի նիստը, որտեղ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բարձրաձայնում էր երեխաների որդեգրման եւ օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին: Ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբեւէ տեղեկատվություն չեն ստացել:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւս տեղեկացրել էր, որ նման քրեական գործեր չեն ստացել:

Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ինչի ի պատասխան` վերջինս հայտնեց. «Արարատ Միրզոյանը այն ժամանակ բարձրաձայնել էր երեխաների օրգանների վաճառքի մասին, իսկ սա միանգամայն այլ դեպք է:

Օպերատիվ հետախուզական աշխատանքները այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ սկսվել են դեռեւս իմ պաշտոնավարման օրոք եւ վերաբերել են ոչ թե օրգանների հնարավոր վաճառքին, այլ որդեգրման գործընթացում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը:

Ավելին, այդ աշխատանքներում ինձ օգնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Վանեցյանը ներկայացրեց մանրամասները. ըստ նրա` խոսքը ոչ թե այն մասին է, որ երեխաները որդեգրվել են եւ ապօրինի ճանապարհով դուրս բերվել Հայաստանից, այլ երեխաների որդեգրման գործընթացում զուտ կոռուպցիոն երեւույթների բացահայտմանն է վերաբերում:

«Մեր օրենսդրությամբ արգելվում է առողջ երեխայի որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից, առողջ երեխաների որդեգրման առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին: Այդ գործընթացով զբաղվող Սոցապ նախարարությունը, այնտեղ համապատասխան պաշտոնյաներ, կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ գումարներ վերցնելով, թեթեւ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ներկայացրել են որպես ծանր առողջական խնդիր ունեցող երեխաներ: Դրա պատճառով նրանք դուրս են եկել մեր` ՀՀ քաղաքացիների այդ հերթից, որ հերթ են կանգնել որդեգրելու, եւ անցել են մանկատան տնօրինությանը, եւ մանկատնից արդեն օտարերկրյա քաղաքացին դիմել եւ որդեգրել է երեխային»:

ԱԱԾ նախկին տնօրենը ցանկացավ անդրադառնալ ամենակարեւոր հարցին. «Շահարկվում է, թե հնարավոր է, որ հետագայում այդ երեխաներին օգտագործել են օրգանների վաճառքի համար եւ այլն: Իրականում Արդարադատության, նաեւ Սոցապ նախարարություններում կան համապատասխան բաժիններ, որոնք հետեւում են արտասահման որդեգրված երեխաների հետագա ճակատագրին:

Այսինքն` տարին երկու անգամ անհրաժեշտության դեպքում մեկնում են որդեգրման վայր, ստանում են պետական մարմիններից պարզաբանումներ, եւ այդ գործընթացում չի եղել որեւէ մի դեպք, որ տեղեկատվություն ստանան, որ այդ երեխաների որդեգրումից հետո նրանք կորել կամ մահացել են կամ էլ վատ պայմաններում են ապրել: Ընդհակառակը, այդ երեխաները ապրում են եվրոպական ընտանիքներում ավելի բարեկեցիկ կյանքով ու նորմալ ընտանիքներում: Այո, խոսքը գնում է կոռուպցիոն մեխանիզմների կիրառմամբ երեխաների որդեգրման գործընթացին, որը բացահայտվել է, որի վերաբերյալ ի սկզբանե հանձնարարությունը համապատասխան ստորաբաժանմանը տրվել է իմ կողմից:

Այդ գործընթացի հետ կապված Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ եղել է հանդիպում իմ հետ, որիցհետոմենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իր նախարարությունից եւ ԱԱԾ-ից համապատասխան աշխատակիցներ կառանձնացնենք եւ իրենք համագործակցելով այդ դժվար մեխանիզմը, որը գործել է տարիներ, ի վերջո ջրի երես կհանեն, որն էլ տեղի ունեցավ»:

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ օրգանների վաճառքի մասին որեւէ խոսք չկա. «Խոսքը վերաբերում է երեխաների որդեգրման գործընթացում տեղ գտած կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմանը, այսինքն այս 30 երեխաները բոլորը կենդանի են, բոլորը շատ լավ վիճակում են, եւ որեւէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում: Եթե կան նման տեղեկություններ, ես տեղյակ չեմ, պետք է հարցումներ իրականացնել թե՛ ԱԱԾ, թե՛ Սոցապ նախարարություն, ես ինչքան տեղյակ եմ եւ այն, ինչ տեսա հաղորդագրությունից, խոսքը վերաբերում է կոռուպցիոն երեւույթների որդեգրման ընթացքում, ուրիշ որեւէ բան չկա»,- ամփոփեց ԱԱԾ նախկին տնօերնը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել