1990 թվականի հունիսի 10, Մեծ Բրիտանիա, Դիդկոթի երկինք: British Airways ընկերության ինքնաթիռը Բիրմինգեմից թռավ արևային Մալագա: Ինքանթիռում կար 87 մարդ՝ 81 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ոչինչ չէր հուշում, որ թռիչքի 13-րդ րոպեում մարդկանց քանակը հասնելու է 86,5-ի:

Ինքնաթիռը 5273 մետր բարձրության վրա էր գտնվում: Օդաչուները հանել էին անվտանգության գոտիները, իսկ ուղևորներն էլ բլիթներ էին ուտում: Անդորրը խախտեց մի բարձր ձայն: Այդ ձայնը օդաչուների սրահի ձախ ապակու ընկնելու ձայնն էր: Բացված անցքի մեջ ակնթարթորեն հայտնվեց ինքնաթիռի հրամանատարը:

Կապիտան Թիմոթի Լանկասթերը կարող էր ընկնել պատուհանից, եթե չփրկեր մեծ հետույքը, որը մնացել էր անցքի մեջ։ Թիմոթիի վերին հատվածը վայելում էր անգլիական հարավի գեղեցիկ տեսարանները, իսկ ահա ներքևինը սրահում անօգնական թափահարում էր ոտքերը։


Բորտուղեկցորդ Նայջել Օգդենն ակնթարթորեն արձագանքեց և բռնեց Լանկաստերից։ Եթե կապիտանի մարմինը հայտնվեր շարժիչի մեջ, ապա ողբերգություն տեղի կունենար։ Տղամարդուն ներս նույնպես չքաշեցին, որովհետև հերմետիզացիան կխախտվեր։ Մեծ հաշվով, կոտրված ապակու հասցրած վնասը թույլ չէր տալիս լավ ավարտի հույս ունենալ․ օդի հոսանքի պատճառով կոտրվել էր օդաչուների սրահի դուռը, և վնասվել էր կառավարման վահանակը։

Մինչ բորտուղեկցորդները վազում էին սրահում և հանգստացնում էին ուղևորներին, երկրորդ օդաչուն՝ Ալասթեր Աթչինսոնը, կառավարում էր իրավիճակը։ Նա անջատում է ինքնաթիռի ինքնակառավարումը և սկսում իջնել։ Այդ ժամանակ Օգդենն արդեն ամբողջովին թուլացել էր և սառել։ Կապիտանն աստիճանաբար դուրս էր գալիս ինքնաթիռից։ Նա այնքան էր դուրս եկել պատուհանից, որ կողքի պատուհանից երևում էր նրա երեսը։ Այդ ժամանակ Օգդենին օգնության են հասնում ևս երկու բորտուղեկցորդներ։ Նրանք կարծում էին, որ կապիտանի դիակն են պահում։

Դեպքից 25 րոպե անց ինքնաթիռը վայրէջք կատարելու թույլտվություն ստացավ և բարեհաջող վայրէջք կատարեց Սաութհեմփթոնում։

Կապիտանն իրոք ողջ էր։ Նա ցրտահարվել էր, կոտրել էր ձախ ձեռքը և մի շարք կապտուկներ էր ստացել։  Օգդենը, որն այդ ամբողջ ընթացքում պահում էր կապիտանին, վնասել էր իր ուսը և ցրտահարել էր դեմքը։

Մեղավորը հայտնաբերվեց։ Թռիչքից որոշ ժամանակ առաջ British Airways-ի աշխատակիցները փոխարինել էին այդ նույն ապակին։ 90 հեղույսներից 84-ը փոքր էին նախատեսված չափսից, իսկ մնացածն՝ ավելի կարճ, այդ իսկ պատճառով ապակին չէր դիմացել և ընկել էր։

Կապիտան Լանկաստերն ապաքինվեց։ Արդեն 5 ամից անց նա կրկին վերադարձավ իր աշխատանքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել