Hraparak.am-ը գրում է․

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Փաստաթղթի հեղինակը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է: Նախագիծը կարդալով հասկանում ես, որ հայրենի կառավարությունը ՀՀ պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ հարգանք չունի:

Այստեղ նշված է, որ ռազմավարությունը մշակվել է չորս ամիս առաջ՝ պետական կառույցների մասնավոր ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով: Առնվազն դատապարտելի է, որ այսքան մեծ թիմ չորս ամիս աշխատել ու այդ ընթացքում չորս րոպե անգամ չի մտածել հայերենի մասին: Նախագծում աններելի շատ են տառասխալները, նախադասությունների սխալ շարահյուսությունը, ծիծաղելի ու սխալ են բառակապակցությունները:

Օրինակ, գրում են՝ տեղական կառավարման մարմին: Ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում նման մարմին գոյություն չունի: Կան պետական, տարածքային կառավարման (ՏԿՄ) եւ տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) մարմիններ:
Կամ` Հայաստանը կենտրոնական տեղակայում ունի երկրագնդի վրա: Անկեղծ ասած՝ չգիտեի, որ երկրագնդի կենտրոնը Հայաստանն է: Մի ձեւակերպում էլ ՀԿ-ների մասով է՝ քաղաքակիրթ հասարակական կազմակերպություններ: Այ քեզ բան․ կարելի է մտածել, որ հասարակական կազմակերպությունները կարող են նաեւ ոչ քաղաքակիրթ, գռեհիկ լինել:

Աչք ծակող են նաեւ տառասխալներն ու վրիպակները: Այսպես, Հայաստանի փոխարեն հայտնվում ենք Հայաստանում: Գրված է՝ Հայսատանի զբոսաշրթություն: Հավանաբար, նկատի են ունեցել Հայսատանի զբոսաշրջությունը..․ 110 էջանոց նախագծում սխալներն այնքան շատ են, որ մինչեւ վերջ հնարավոր չեղավ ընթերցել։

Հայերենը բռնաբարողները զբոսաշրջության զարգացման գործում կարեւորել են հատկապես թավշյա հեղափոխության դերը: Նախագծում այդ մասին պարտադիր նշել են: Գրել են՝ 2018 թվականի հեղափոխությունը զբոսաշրջության զարգացման նոր հնարավորություն է բացել: Նախագծի հեղինակները չեն շրջանցել նաեւ տաքսիստներին ու ՀՀ հպարտ քաղաքացիներին: Նշել են՝ տաքսու վարորդներն ու զբոսաշրջիկների հետ շփվող այլ անձինք, թերեւս, նկատի են ունեցել հպարտ քաղաքացիներին, օտար լեզուներ չգիտեն, ինչը լավ չէ:

Դե կներեք, որ տաքսու վարորդը կամ Գառնու գաթա ու պահածո վաճառող գյուղացի կինն օտար լեզուներ չգիտի՝ ամեն երկրից եկածի հետ իր լեզվով խոսելու համար: Փոխարենը, նրանք խոսում են հայերեն, որը՝ կոշտ, որը՝ կոպիտ, որն էլ՝ բարբառով, բայց հայերեն են խոսում, ինչը չի կարելի ասել պետական կառավարման համակարգում աշխատողների մասին:
Եվ այսքանից հետո ՀՀ ԿԳՄՍ «թավշյա» նախարարն ամեն գնով պատրաստ է հարված հասցնել մեր պետական լեզվին՝ բուհերում հայագիտական առարկաների ուսուցումը պարտադիրի փոխարեն դարձնելով հայեցողական: Մինչդեռ հակառա՛կն է պետք անել. անհրաժեշտ է հայոց լեզվի պարտադիր դասեր կազմակերպել կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների համար: Այլապես «վերին ատյաններից» հնչող «հայերենը» կարող է սողոսկել մանկապարտեզներ ու դպրոցներ՝ ապականելով նոր սերնդի լեզվամտածողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել