Tert.am-ը գրում է․

Վարչապետը խոսում է Երևանի ու Ստեփանակերտի մոտեցումների նույնական լինելուց՝ չպատկերացնելով անգամ, թե նման պարագայում ինչպես է հիմնավորելու Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ որպես լիիրավ, առանձին, սեփական շահերը հետապնդող կողմ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Փարիզյան խաղաղության ֆորումին մասնակցելու նպատակով Ֆրանսիա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ ունեցած ելույթին:

Ի պատասխան վարչապետի դիտարկմանը, թե Երևանի և Ստեփանակերտի մոտեցումները խնդրի կարգավորման վերաբերյալ հարյուր տոկոսով նույնական են, Բեքարյանն ասաց. «Առաջանում է շատ բնական հարց. ի՞նչ է ցանկանում ապացուցել ինքն իրեն ու աշխարհին ՀՀ վարչապետը»:

Վերլուծաբանի կարծիքով՝ նախ, պատկերացնել որևէ կերպ, որ այսօր Արցախի և ՀՀ-ի մոտեցումներն այս հարցում որևէ կերպ նույնական են, անհնար է: Բայց կա նաև երկրորդ հարցը: «Նույն մարդը, ով պնդում էր, որ Արցախը պիտի լիարժեք վերադառնա բանակցային սեղան և ինքը չի կարող ներկայացնել նրանց շահերը, նույն մարդը, ով բոլոր հնարավոր ձևերով պնդում էր, որ ինքը չի կարող ներկայացնել ոչ միայն ելնելով օրենքից և լեգիտիմությունից, այլ նաև՝ սեփական անցած ճանապարհից: Ի վերջո, նույն մարդը, ով Արցախի Վերածննդի հրապարակից հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», այսօր Արցախի սոսւբյեկտայնությանը հասցնում է հերթական կոշտ հարվածը», - նշեց վերլուծաբանը:

Բեքարյանի պնդմամբ՝ վարչապետը խոսում է Երևանի ու Ստեփանակերտի մոտեցումների նույնական լինելուց՝ չպատկերացնելով անգամ, թե նման պարագայում ինչպես է հիմնավորելու Արցախի վերադարձը բանակցային սեղան՝ որպես լիիրավ, առանձին, սեփական շահերը հետապնդող կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել