168.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020  թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որն իրենց խմբակցությունը, որպես ռազմավարական ծրագիր՝ ներկայացրել էր հանրությանը:

«Այն նախագիծը, որը ներկայացրել է իշխող քաղաքական ուժը, բազմաթիվ ոլորտներում խնդրահարույց է, որը մենք մատնանշել ենք թվերով: Նշել էինք բոլոր այն կետերը, որոնք թերի են, հատկապես՝ այլ ծախսերի մասով բացվածքներ տրված չեն, և մենք համարում ենք, որ այդ նախագիծը թերի է: Իսկ բյուջեի մասին օրենքն այնպիսին է, ինչպես մյուս օրենքները, այսինքն՝ հստակությունը պետք է լինի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա նաև ընդգծեց, որ բացի այն, որ համաձայն չեն բյուջեի այս նախագծին, այլև առաջարկներ են ներկայացրել: Ավելին, քաղաքագիտական իմաստով ճիշտ է, որ ընդդիմությունը չի կարող իշխանության քաղաքական կուրսի հետ համաձայնել:

«Ի վերջո, մենք քաղաքական վեճ ունենք, որն արտահայտվում է տնտեսության ցուցիչով: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն ցուցումներ է ստանում, պետք է ասեմ, որ մենք որևէ ցուցում էլ չենք ստանում, ԲՀԿ-ն ինքնաբավ ուժ է և ունի իր հստակ ծրագիրը, հատկապես՝ տնտեսության զարգացման մասով»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ամանորյա տոնակատարությունների համար հատկացված 300 մլն դրամին և այն հանգամանքին, որ բոլոր ծառայությունները մատուցելու է մեկ ընկերություն, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ տնտեսությունում, գնումների մեջ պետք է լինի ազատ մրցակցություն:

«Երբեք կողմ չենք եղել և չենք լինելու մեկ մարդուց գնումներին, անպայման առաջարկելու ենք, որ նման բաներն անպայման մրցույթով ու նպատակային լինեն»,- ընդգծեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել