Մի քանի օրից Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը կմեկնի Լեհաստանի Գլինցվե քաղաք, որտեղ կայանալու է «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթը: Մրցույթից առաջ BlogNews.am-ը հանդիպել է Կարինայի հետ և խոսել երազանքների, երգի ընտրության և մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին:

«Իմ փորձերն անցնում են շատ հագեցած և ուրախ: Ես գիտակցում եմ, որ պատասխանատու պահ է, և ես պետք է լավ ներկայացնեմ հայրենիքս: Յուրաքանչյուր մրցույթ նոր փորձ է։ Իհարկե, միշտ էլ կա հուզմունք, քանի որ ելույթ ես ունենում մեծ բեմում և բազմահազարանոց հանդիսատեսի առջև»,- պատմում է Կարինան:

«Colours Of Your Dream». այս երգով է Կարինան ներկայացնելու Հայաստանը։ Ուրախ տրամադրություն փոխանցող երգ է, որն արդեն սիրվել է շատերի կողմից: Երազանքների մասին երգող Կարինան այս պահին միայն մեկ երազանք ունի. «Երազում եմ լավ ելույթ ունենալ և լավ ներկայացնել Հայաստանը»:

13-ամյա Կարինայի նախասիրությունները շատ տարբեր են։ Բացի երգով զբաղվելուց՝ նա հաճախում է դաշնամուրի, զբաղվում թենիսով, սիրում է լողալ, նկարել և պարել: Նա նաև բազմաթիվ մրցույթների է մասնակցել՝ արժանանալով բարձր հորիզոնականների՝ «Поколение NEXT», «Голос. Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы-дети галактики», «СтранаПой»:

«Colours Of Your Dream» երգի երաժշտության հեղինակը Տարաս Դեմչուկն է, հայերեն բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, անգլերեն բառերի հեղինակը Մարգարիտա Դորոշևիչն է: Տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը, պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը:

«Երբ եկավ երգի ընտրության պահը, որոշեցինք, որ այն պետք է տարբերվի մեր մյուս մրցույթների երգերից: Սկսեցի հետաքրքրվել, թե նախորդ տարիների հաղթողները ում երգով են ներկայացել, և գտա Տարաս Դեմչուկին, ում երգով 2017 թվականը Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթող էր ճանաչվել: Երգի ընտրության հարցում Կարինայի կարծիքը շատ կարևոր էր, և նա Տարասին խնդրեց, որ սկիզբը լինի վառ, հետո՝ ռիթմիկ: Հենց այս սկզբունքով էլ երգը ստեղծվեց»,- պատմում է Կարինայի մայրը՝ Ասյան:

Կարինայի ընտանիքը բնակվում է Կալուգայում, իսկ կմնան մրցույթից հետո Երևանում, թե ոչ՝ կախված է մի քանի նախադրալներից. «Կարինայի բացակայություններն արդեն շատ են, բայց շատ բան կախված է նաև մրցույթից, և եթե հարկ լինի կրկին Հայաստան վերադառնալու, իհարկե, մենք կգանք»,- եզրափակեց Ասյան:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել