Hraparak.am-ը գրում է.

Մել Դալուզյանին որպես սպորսմեն իր պաշտպանության տակ առնելը վարչապետի լուրջ վրիպումն էր։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մել Դալուզյանը իր անձնական պաշտպանության ներքո է․

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է․․․»։

Սա լուրջ վրիպում էր։ Անկախ թե ով է մարդը՝ հերոս, սպորտսմեն, թե շարքային քաղաքացի, վարչապետը կարող է նրան պաշտպանության տակ առնել իրավունքի տեսանկյունից, երբ խախտվում է մարդու իրավունքը։ Ստացվում է, որ  եթե Մելը հայտնի չլիներ, վարչապետը չէ՞ր անի կամ չէ՞ր թույլատրի անել ֆիլմի ֆինանսավորումը։ Հիմա,  երբ բարձրաձայնվում է Մելի մարզչի և այլոց կողմից, որ նա իր ոչ ազնիվ քայլերով ինչպիսի վնաս է հասցրել Հայաստանի սպորտին, որ նա եռակի չեմպիոն չի, որակազրկվել է,  վարչապետը ե՞տ կպահանջի «Մել» ֆիլմի ֆինանսավորման գումարը։ Չէ՞  որ ֆիլմը ֆինանսավորվել է եռակի չեմպիոնի համար, հետո պարզվել է․․․

Վրիպումը հենց այստեղ էր։ Մելին ֆինանսավորելու հարցը պիտի դրվեր իրավունքի պաշտպանության հարթությունում։ Իրավունքի տեսանկյունից այդքան նրբանկատ մեր սորոսագետներին չհուզե՞ց այս մոտեցումը, իրավունքի խախտում չարձանագրեցի՞ն այլ տրանսգենդերներ կամ սեռական փոքրամասնություններ, ովքեր ևս Մելից ավել կամ պակաս դժբախտ ճակատագրեր են ունեցել։ Նրանք խոհեմաբար լռեցին ահա թե ինչի համար։ Ժողովրդի մոտ այն մոլորությունը պիտի ստեղծվեր, որ վարչապետը ֆինանսավորել է ոչ թե տրանսգենդերի, այլ Հայաստանի դրոշը բարձրացնող եռակի չեմպիոնի։ Կարևոր չէ, որ նա եռակի չեմպիոն չէր, կարևոր չէ, որ նա որակազրկվել էր ու Հայաստանի սպորտին անդառնալի վնաս հասցրել, կարևորը այդ պահին չեմպիոն բառն էր։ Վարչապետը պաշտպանության տակ է առնում Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացնող չեմպիոնին, ոչ թե տրանսգենդեր Մելին։ Սա մարդկանց մոլորեցնելու սարդոստայնային քայլ է, որից մինչև գլուխ հանես, հաջորդ նման օրինակը կհրամցվի։

Հայաստանի դրոշը երկրորդ անգամ օգտագործվում է քաղաքական նպատակով։ Մի անգամ, երբ դրոշի պատճառով աշխատանքից ազատվեց շարքային աշխատողը և այս անգամ, երբ դրոշը օգտագործվում է գենդերային խնդիր լուծելու համար։ Եթե նման խնդիր կա, բարի եղեք խոսել ոչ թե Հայաստանի դրոշը բարձրացրած չեմպիոն, այլ տրանսգենդեր կտրվածքով։ Սա է ճիշտը, ազնիվը։ Խոսեք իրավունքի տեսանկյունից։ Թե չէ եռակի չեմպիոն, քառակի չեմպիոն․․․ Երբ մի երևույթ չի ընդունվում, կապ չունի, թե ով  կամ ում միջոցով է արվում։ Մարդկանց կարելի մոլորեցնել մեկ, երկու անգամ, անընդհատ մոլորեցնել հնարավոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել