Լուսանկար, որը, կարծես, ցնցեց ամբողջ աշխարհն ու ստիպեց իր մասին խոսել տարիներով. այս տպավորիչ աչքերով աղջկան բազմաթիվ երաժշտական խմբեր երգեր նվիրեցին, արվեստաբանները նրանով ոգեշնչվեցին, իսկ լուսանկարիչները երազեցին գոնե մեկ անգամ անմահացնել նրան իրենց լուսանկարչական ապարատով։ Ինչպե՞ս դասավորվեց հայտնի գեղեցկուհու ճակատագիրը, ու ինչպիսին է նա հիմա. առաջարկում ենք բացահայտել միասին։ 

Լուսանկարն արվել է հեռավոր 1984թ.-ին լուսանկարիչ Ստիվեն Մակքարիի թեթև ձեռքով։ Աֆղանուհիները սովորաբար փակում են իրենց դեմքն ու այն ցույց չեն տալիս ոչ ոքի, այդ իսկ պատճառով այս լուսանկարը ունիկալ էր ու այդքան արագ տարածվեց ամբողջ աշխարհով։ Լուսանկարը տպագրվեց 1985թ.-ին, ու այդ պահից ի վեր բազմաթիվ լրագրողներ որոշեցին գտնել այս տարբերվող աչքերով գեղեցկուհուն, ով համարձակվել էր լուսանկարվել բաց դեմքով։ 

Ամեն բան այդքան էլ հեշտ չէր։ Որոնման աշխատանքները տևեցին 17 տարի, մինչև որ National Geographic-ն ու հենց նույն լուսանկարիչը կարողացան վերջապես գտնել գեղեցկուհուն, ով ապրում էր Պակիստանում։ Վերջապես հերոսուհու անունը բացահայտվեց. նրա անունը Շարբաթ Գուլա էր։ Շարբաթն արդեն երկար տարիներ ամուսնացած էր, հետևում էր աֆղանական բոլոր ավանդույթներին ու հասցրել էր արդեն 4 երեխա ունենալ։ 

Նա երկրորդ անգամ ևս լուսանկարվեց, բայց այս անգամ խնդրեց ամուսնու թույլտվությունը, որից հետո նոր թույլ տվեց ևս մեկ անգամ իրեն անմահացնել։ Լուսանկարն անելուց կարճ ժամանակ անց Շարբաթի ամուսինը մահացավ։ Հետաքրքիր է, որ Շարբաթն իր այդքան հայտնի լուսանկարը տեսավ միայն 2000-ականներին, իսկ այսօր կինն արդեն 47 տարեկան է։ 

2016թ-ին Շարբաթին ձերբակալեցին Պակիստանում անօրինական գտնվելու համար ու որոշեցին դատապարտել 15 տարվա ազատազրկման, սակայն իրեն լուսանկարած լուսանկարիչն այս անգամ էլ որոշեց կնոջ կյանքում ճակատագրական դեր ստանձնել. նա նրան ազատեց ու արեց ամեն բան, որ կինը վերադառնա Աֆղանստան։ Շարբաթը հասցրել էր կորցնել նաև իր դստերը, որին և ամուսնուն թաղել էր Պակիստանում։ 

Ի զարմանս կնոջ՝ Աֆղանստանում նրան գրկաբաց ընդունեցին, նրան բնակարան նվիրեցին, որտեղ Շարբաթն այժմ ապրում է իր մյուս երեխաների ու թոռների հետ։ Նրան չեն արգելել անգամ ժամանակ առ ժամանակ մեկնել Պակիստան ու այցելել իր ամուսնու ու դստերը գերեզմանին։ Շարբաթն այսօր նշում է, որ այս լուսանկարը փոխեց իր ճակատագիրը, ու այժմ նրա միակ երազանքն այն է, որ կարողանա հանգիստ ու վերջապես երջանիկ ապրել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել