Ֆրանսիական L’Histoire պատմական ամսագիրը հոդված է հրապարակել հայոց արքա Տիգրան Մեծի մասին։

Վեց էջից բաղկացած նյութում խոսվում է հայոց արքայի սխրագործությունների և այն մասին, թե ինչպես է նրա կառավարման օրոք Հայաստանը հասել ամենամեծ իշխանության ու հզորության։

«Տիգրան Մեծը խոչընդոտել է հռոմեացիների մուտքը Մերձավոր Արևելք։ Նրա կառավարման տարիներին Հայաստանի սահմաններն ընդլայնվել են՝ տարածվելով Կովկասից մինչև Միջերկրական ծով»,- նշվում է հոդվածում։

Ասվում է նաև, որ հայոց արքայի դերի ու հզորության մասին եվրոպացի ընթերցողներին շատ բան հայտնի չէ, սակայն հելլենիզմի դարաշրջանում նրա գործունեությունն արժանի է առանձնահատուկ ուշադրության։ «Նա իսկապես Մեծ Հայքի ամենահզոր ու իրական արքան էր»,- նշում է պարբերականը։

Տիգրան II Մեծ հայոց հզոր արքան իշխել է մ.թ.ա. 95-55 թթ.։ Գահ բարձրանալու պահից ի վեր նա զբաղվել է իր թագավորության ընդարձակմամբ ու դաշնակցել է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ՝ ամուսնանալով նրա դստեր՝ Կլեոպատրայի հետ։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանի սահմանները ձգվել են Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Միջագետքից մինչև Պոնտական Ալպեր։ Այն արքաները, որոնք Տիգրանին տվել էին «արքայից արքա» տիտղոսը, պարտավորություն էին ստանձնել նրան տուրքեր վճարելու, իսկ պատերազմի դեպքում՝ օգնական զորքեր ուղարկելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել