Երեսուն տարի առաջ ամերիկացի գիտնական Դենիել Էվերետը գիտական արշավի մեկնեց դեպի Բրազիլիա՝ ուսումնասիրելու պիրահա ցեղի կյանքը։ Էվերետը երազում էր հնդկացիներին քրիստոնեություն քարոզելու և նրանց հավատափոխ անելու մասին։ Սակայն այստեղ դա նրան չհաջողվեց։

Պիրահա հնդկացիների հետ 30 տարի շփման ընթացքում գիտնականին չհաջողվեց ցեղին տալ ժամանակակից աշխարհի արժեքներից որևէ բան։

Պիրահաներն իրենց կենսակերպով, հավատքով ամբողջությամբ մերժում են այդ բոլոր արժեքները։ Պատկերացում չունենալով ազգակցական կապերի մասին, կատեգորիկ կերպով չհասկանալով, թե ինչ են իրենցից ենթադրում հարգանքն ու ամոթը, վիրավորանքն ու մեղքը, ժամանակն ու հաշիվը՝ պիրահաներն ապրում են երջանիկ անորոշության մեջ։

Ի՞նչ ցեղ է սա

Պիրահա ցեղը բաղկացած է միջին հասակ՝ մոտ 150 սմ, ցածր քաշ՝ մոտ 40 կգ, ունեցող 700 հնդկացիներից, որոնք ապրում են Բրազիլիայի անտառներում և սնունդ են հայթայթում որսի և հավաքչության միջոցով։ Նրանք մարմինները չեն ներկում և չեն զարդարում փետուրերով։ Պիրահաների կյանքի միջին տևողությունը շուրջ 50 տարի է։ Ամուսնական զույգերը միասին շարունակում են ապրել այնքան ժամանակ, որքան դա նրանց հարմարավետ է թվում։ Եթե ամուսիններից մեկը սկսում է թերություններ նկատել մյուսի մոտ, ապա նրանք հեշտորեն ամուսնալուծվում են։

Պիրահաների լեզուն

Ըստ Էվերետի՝ պիրահաների լեզուն այնքան էլ բարդ չէ, այլ պազապես յուրօրինակ է, և ոչ մի այլ վայրում չի հանդիպում։ Պիրահաների լեզվում յոթ բաղաձայն և երեք ձայնավոր կա, բացակայում են դերանուններն ու թվականները։ Բառապաշարը նվազագույնի է հասցված։

Մաթեմատիկա

Այս գիտությունը ցեղի մոտ գրեթե գոյություն չունի։ Նրանք չունեն թվեր, հաշիվներ։ Նրանց բավարարում է երկու հասկացություն՝ «մեկ» և «շատ»։

Քուն

Պիրահաները չեն հետևում օրվա ռեժիմին։ Նրանք կարող են չքնել և անգամ չուտել։ Քնի նկատմամբ նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն. պիրահաները վախենում են քնելուց, քանի որ կարծում են, որ քունը վտանգավոր երևույթ է, թուլացնում է օրգանիզմը, այդ իսկ պատճառով քնին առանձնակի նշանակություն չի տրվում. նրանք դա անում են որտեղ և երբ պատահի, ընդամենը կես ժամով։

Ժամանց

Իրենց ժամանցը պիրահաներն անց են կացնում միմյանց հետ շփվելով, խարույկի շուրջ պարելով, երեխաների և կենդանիների հետ խաղալով կամ ինչ-որ բան պատրաստելով։ Նրանք պարզապես ուրախանում են կյանքով։

Անուն

Աբորիգեններն իրենց անունը փոխում են յուրաքանչյուր 6-7 տարին մեկ անգամ։ Երբ նրանք զգում են, որ փոխվել են, առավել հասունացել, անհապաղ նոր անուն են ընտրում, որը կհամապատասխանի նրանց ներքին զգացումներին։

Ժամանակ

Պիրահաները ժամանակի զգացում չունեն, չունեն «երեկ» և «այսօր» հասկացություններ, անցյալ ու ապագա, ժամեր ու օրացույցներ։ Նրանք ապրում են «հիմա» և «այսօր»։

Սնունդ

Սննդի առկայությանը կամ բացակայությանը պիրահաները վերաբերվում են նույնքան հանգիստ, որքան մյուս բոլոր երևույթներին։ Եթե ուտելու բան կա, լավ է, եթե չկա, խնդիր չէ, վաղը կլինի, այդ իսկ պատճառով «պահեստային սնունդ» հասկացություն նրանց մոտ ևս գոյություն չունի։

Շփում

Պիրահաներին համարում են անարգալից մարդիկ։ Նրանք իրար չեն բարևում և շնորհակալություն չեն հայտնում, ներողություն չեն խնդրում և չեն նեղանում, չեն վիճում և չեն պատժում։ Նրանք սիրում են միմյանց և վստահ են, որ շրջապատում բոլորն ուրախ են իրենց տեսնել։

Հավատք

Պիրահաները չունեն կրոն, ծիսակատարություններ և սովորույթներ։ Նրանք ամբողջ սրտով հավատում են անտառային հոգիների գոյությանը։

Այս ամենից հետո գիտնական Դենիել Էվերետն ինքն է աթեիստ դարձել, քանի որ հասկացել է, որ կրոնը մարդկանց երջանիկ չի դարձնում։ Նա հետևություն է արել, որ մեզ՝ քաղաքակիրթ մարդկանց, հարկավոր է սովորել ապրել պիրահաների նման։

Նա ցեղի մասին գիրք է գրել, որը կոչվում է «Աշխարհում ամենաերջանիկ ցեղը. 7 տարի Ամազոնիայում՝ պիրահա հնդկացիների մոտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել