168.am-ը գրում է․

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից խոստացել են ընդունել երկուշաբթի և քննարկել ստեղծված իրավիճակը:

«Նոյեմբերի 11-ին՝ երկուշաբթի օրը, գնացել էինք նախարարություն, որովհետև անցած հանդիպման ժամանակ մեր հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեն էին ուզել, որ կապ հաստատեն և կանչեն հանդիպման: Մեզ փոխանցեցին, որ քննարկումը կլինի երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին։ Հանդիպելու ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Հուսանք՝ նախարարն իր խոսքը կպահի»,- 168.am-ին ասաց ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանը:

Հիշեցնենք, որ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցները հոկտեմբերի առաջին տասնօրյակում կրկին գնացել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին:

Փոխնախարարը նրանց հայտնել էր, որ հիմնադրամի հիմքի վրա կառույց է ստեղծվում, որը մի քանի կառույցներ է միավորելու: Փոքր կազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։

Ինչ վերաբերում է ինստիտուտի հաստիքների ցանկին, բավական փոքր թիվ են կազմելու, որովհետև հիմնականում շատ գործառույթներ արտապատվիրվելու են տարբեր կազմակերպությունների, որոնք կրկին մրցույթով կընտրվեն, իսկ մինչ այդ՝ հիմնադրամի կանոնադրությունում պետք է փոփոխություններ անեն, որպեսզի կարողանան գործընթացը սկսել, դրա համար էլ հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, հետո դատական կարգով կանոնադրությունը պետք է փոխվի:

«Անափիոսյանն ասաց նաև, որ այդ հիմնարկում աշխատելու համար կարող է դիմել ցանկացածը, իսկ մենք, որ այդ ոլորտի աշխատող ենք, ունենք փորձառություն, որևէ բացառություն չի լինի: Ժամկետների հետ կապված, երբ հարցրեցի, թե՝ փաստորեն ամենամոտ ժամանակահատվածը հունվարն է, փոխնախարարը պատասխանեց, որ չի կարող ասել»,- մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր ԿԱԻ նախկին աշխատակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել