Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային զարգացումներից մենք պետք է ոչ ուրախանանք, ոչ տխրենք: Հարկավոր է սառը հաշվարկներ անել՝ գիտակցելով, որ բոլորն առաջնորդվում են իրենց շահերով: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունները՝ Պողոսյանը նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և այցերի ժամանակ միշտ էլ դրական ֆոնի ներքո է ամեն ինչ տեղի ունենում»: Նա ընդգծել է, որ այդ հայտարարություններն արվում են սահմանված նպատակներին հասնելու համար:

«Լավրովի խոսքը Երևանում շատ ականջահաճո էր, ինչ-որ չափով դրական ձևով էր անդրադառնում, վարչապետին էր հղում անում: Բայց պետք է չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ «Վալդայ»-ում այլ տեսակետ էր հնչեցնում, մեկ ամիս անց կարող է այլ տեսակետ լինի: Ամեն ինչ կախված է գործընթացներից: Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը միշտ էլ այցից առաջ դրականն է ասելու»,- ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով, այցի արդյունքները կերևան մոտակա ժամանակում: «Եթե Ադրբեջանը կոպիտ հայտարարություն անի և արձագանք չլինի Լավրովի կողմից, ուրեմն պետք է պարզապես հանգիստ վերաբերվել այս հայտարարություններին՝ նայելով պրոցեսի տեսակետից»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել