Hraparak.am-ը գրում է.

Մենք գրել էինք , որ երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Մենք նոր տեղեկություններ ենք ստացել, որ հավաքման այդ պրոցեսն այդքան էլ հարթ տեղի չի ունեցել։ Մասնավորապես՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ոստիկանության հետ հայտնվել է «դեպքի վայրում» եւ հրահանգել՝ դադարեցնել սկսած գործողությունը։ «Սանիթեքն» աղբարկղերը հանձնելու է բանկին, որին մի քանի միլիոն պարտք է։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց «Սանիթեք» ընկերության մամուլի խոսնակը։ «Աղբարկղերը գրավադրված են բանկում եւ բանկի հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որ այդ գույքը, որ կարող ենք հանձնել, չլինի խոսակցությունները, որ տեր չենք կանգնում մեր գույքին, ընկերությունը որոշել է, որ հավաքի այդ աղբարկղերը եւ հանձնի բանկին։ Բայց, ցավոք սրտի, քաղաքապետարանի ներկայացուցիչն ու ոստիկանությունը թույլ չեն տվել։ Իրենք ասում են, որ իրենք եւս 5,5 միլիարդի պահանջ են դրել «Սանիթեք» ընկերության առջեւ եւ իրավունք ունեն օգտագործելու։ Մեր իրավաբաններն աշխատում են իրենց հետ եւ այս պահին չկա վերջնական որոշում՝ երբ կսկսենք աշխատել»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ բանկը օգտագործված աղբարկղերը կվերցնի՞, պատասխանեց․ «Այո, իրենք համաձայնել են եւ վերցնում են գույքը»։

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Արարատ Խաչիկյանի հետ, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց՝ ուղղորդելով մեզ քաղաքապետարանի լրատվական բաժին։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանն իրավունքի աղբարկղերը տեղափոխումը թույլ չտալու իրավունք․ «Բանկերից մեկի աշխատակիցները փորձել են Մաշտոցի պողոտայում հավաքել  աղբամանները, որոնք ժամանակին տեղադրել է «Սանիթեքը», որոշակի պարզաբանումից հետո քաղաքապետարանի ներկայացուցիչները թույլ չեն տվել իրականցնել այդ գործողությունները։ Դա նախ հանրային տարածք է, եւ այդ աղբամանները հանրային գործառույթ են իրականցնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել