Ալբերտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ շաքարի առկայությունը սննդաբաժնում զգալիորեն մեծացնում է աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպես նաև հրահրում է թուլամտության զարգացումը: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են Scientific Reports-ում:

Հետազոտողները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի. մի մասին տվել են սովորական՝ առանց շաքարի սնունդ, իսկ մյուսները սննդանյութերի կեսը ստացել են սախարոզայի տեսքով: Այնուհետև, փորձակենդանիների մոտ արհեստականորեն կոլիտ են (աղիքի բորբոքում) առաջացրել:

Պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների շրջանում աղիքային հյուսվածքի վնասման ախտանշանները զգալիորեն արտահայտված են, և արդյունքների զգալի տարբերությունը սկսել է նկատվել շաքարային սննդակարգի արդեն 2-րդ օրվանից:

Փորձագետները պարզել են, որ շաքարը խթանում է մարդու մարսողական համակարգում պաթոգեն բակտերիաների զարգացումը, ինչն էլ ավելի է սրվում օրգանիզմում մանրաթելերի պակասի դեպքում:

Պարզվել է նաև, որ սննդաբաժնում առկա շաքարի մեծ քանակությունը ավելացնում է աղիների թափանցելիությունը: Այս հատկության պատճառով «վատ» բակտերիաների կենսագործունեության թափոններն անցնում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ կարող են ներգրավվել ավելի լուրջ հիվանդությունների զարգացման մեջ, մասնավորապես Ալցհայմերի և Պարկինսոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել