168.am-ը գրում է.

22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության դիմաց:

«Բնականաբար, չէի ուզի լինի այնտեղ, որտեղ էի: Բայց ի՞նչ էի անում, անում էի ինձ պարտադրված քայլ. լինել այնտեղ, որտեղ պիտի չլինեի: Տեսակցություն չունենալը, իհարկե, իրենից որոշակի դժվարություններ էր ենթադրում: Բայց ակնհայտ է, որ անչափահաս երեխաներիս ու կնոջս թույլ չէի տալու գալ և բանտում հանդիպել ինձ հետ: Եվ այստեղ շատ ավելի կարևոր էր հեռախոսազանգի թույլտվությունը, որ ուղղակի կարողանայի դստերս հետ հեռախոսով խոսել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իր տեսակցությունների վրա դրված արգելքին:

Հետագայում տեսակցությունների արգելքի վերացումը, ըստ Ա. Բաբայանի՝ ձևական մարդասիրական գործողություն էր, որն իր մեջ որևէ բովանդակություն չուներ:

Ազատ արձակվելուց հետո երեխաներին տված պատասխանի մասին խոսելիս՝ Բաբայանը 168.am-ին ասաց, որ տղան դեռ 1,5 տարեկան է, ուստի չի «խորանում» այդ հարցում.

«Իսկ աղջիկս գիտեր, որ ես գործուղման եմ, ընդ որում՝ Արցախի Հանրապետություն»,:

Արսեն Բաբայանը որոշել է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվել: Ասում է՝ մեղադրյալ լինելը որևէ կերպ չի կարող խանգարել իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելուն:

«Ես իրավապաշտպան գործունեությամբ կարող եմ զբաղվել անգամ ազատազրկված լինելով: Համարենք, որ ես հոկտեմբերի 21-ից զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, նախ՝ իմ գործով, ապա նաև՝ ծանոթանալով, տեղեկանալով այլ անձանց նկատմամբ կիրառված նույնանման կամ մի փոքր ավելի քիչ ապօրինություններով»,- ասաց Բաբայանը:

Ավելի վաղ 168.am տեղեկացրել էր, որ Բաբայանը վստահ է, թե իրեն առաջադրած քրեական գործը «շատ ուղիղ թելով» կապված է ՍԴ նախագահից ազատվելու՝ իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Ա. Բաբայանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպել է Հրայր Թովմասյանի հետ, ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»:

Նաև հավելեց, թե ապագայում ևս նման հանդիպում չի նախատեսում, քանի որ դրա առիթը չկա:

«Պարոն Թովմասյանի նկատմամբ ունեմ շատ բարձր հարգանք, որոշակի մտերմություն ունենք նաև, բայց ամեն օրվա ընկերներ չենք, որ ամեն օր իրար տեսնենք, չկա նման բան»,- ասաց Արսեն Բաբայանը:

Եթե «ամեն օրվա ընկերներ չեն», ինչո՞ւ այս հարցում իշխանությունները հենց Բաբայանին ընտրեցին: Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ այսօր օրվա իշխանությունների համար էական չէ, թե ում կընտրեն ու կձերբակալեն:

«Վերջին շրջանում իրավապահ համակարգում մի հետաքրքիր տենդենց կա: Նախ գտնում են մարդուն, գտնում են մի հոդված, փորձում են ինչ-որ վարկած հնարել, անձին ազատազրկել ու փորձել հիմնավորել: Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ դե կներեք, լավ, չստացվեց, թյուրիմացություն էր»,- ասաց Բաբայանը:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ իրեն ընտրելը կապված էր նաև վերջին շրջանում Ֆեյսբուքում իր ակտիվության հետ: Ասում է՝ այդ ձևով փորձում էր հուշել իշխողներին, որ չգնան այս ճանապարհով, բայց չէին լսում:

«Դա էլ ուներ իր ազդեցությունը, քանի որ իմ քննադատությունները հիմնականում վերաբերում էին իրավական ոլորտին: Ես միշտ ասում էի՝ տղերք, մի՛ արեք, որովհետև վատ կլինի, որովհետև ես ամաչում եմ, որ եվրոպական որևէ կառույց ՀՀ-ի հետ կապված բացասական եզրակացություն է տալիս»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ այդուհանդերձ պատրաստ է կրել բոլոր այն զրկանքները, որոնք կնպաստեն ՀՀ զարգացմանը:

«Եթե ամեն դեպքում որոշեն, որ մինչև վերջ են թքում ամբողջ օրենսդրության և ամբողջ իրավունքի վրա, ապա չկա այլ տարբերակ, քան պատրաստ լինելն և դրանք կրելը»,- ասաց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ ինչ-որ փուլի վերջին սահմանագիծն իշխանությունները չեն հատի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել