Pastinfo.am-ը գրում է.

Կան կազմակերպություններ, որոնք արդեն իրական որոշակի գործողություն են իրականացրել և նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկզբին պատրաստ են հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը բերել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Բայց կա մի տեխնիկական խնդիր։ Հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է ունենան նաև պոստտերմինալի ֆունկցիա, և այդ ֆունկցիան բանկերի հետ աշխատելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում։ Առաջարկում ենք փոփոխությամբ սահմանել հետևյալը, եթե մնացած բոլոր  տեխնիկական  պարտադիր պահանջները բավարարված են, ընդունվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենան համապատասխանում է տեխնիկական պայմաններին պայմանով, որ պոստտերմինալի ֆունկցիան վեց ամսվա ընթացքում պետք է ևս ակտիվացվի»,-նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ այսկերպ հնարավորություն կտան, որ ազատականացման գործընթացում ներգրավված տնտեսվարողներն օր առաջ կարողանան հսկիչ-դրամարկղային մեքենաներ մատակարարել։

Վարչապետը նկատեց՝ երկար տարիներ ՀՀ-ում քննարկվում էր, որ պետք է ՀԴՄ-ի ոլորտում մենաշնորհ չլինի և շուկան ազատականացվի, սակայն շուկայի ազատականացման արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ. «Երբ այդ որոշումը կայացնում էինք, ՊԵԿ-ի տրամադրության տակ այդ պահին գոյություն ունեցող հայտերն առնվազն 3 անգամ գերազանցում էին, և փաստորեն դրանից հետո ՀԴՄ-ների պահանջարկի տեմպն անկանխատեսելիորեն աճեց»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահին՝ ինչի՞ հետ էր կապված ՀԴՄ-ների մեծ պահանջարկը։

Դավիթ Անանյանը նկատեց, որ դա նախ կապված էր իրավական ակտով,այսինքն 2019 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողների վերջին խումբը նույնպես պետք է կիրառեր նոր սերնդի ՀԴՄ սարքեր. «Երկրորդը նոր տնտեսվարողների գրանցումն ու հաշվառումն է, իսկ երրորդը՝ ստվերից դուրսբերումը»,-հավելեց ՊԵԿ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել