«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: Օրինագիծն այժմ առաջարկում է 1 տարվա ընթացքում վարորդին տալ միավորներ, որոնք խախտումների դեպքում կնվազեն, իսկ եթե միավորների թիվը հասնի 0-ի, վարորդական իրավունքի կասեցում է նախատեսվում 6 ամսով: Ոստիկանության պետին կից Հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է` տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են անելու:

«Միայն այն, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու, ենթադրում եմ, որ ինչ-որ կրճատված տարբերակով պետք է մտնի, այլապես նախնական տարբերակը վեց ամիս անց էր ուժի մեջ մտնելու»,-ասել է Ս. Ղահրամանյանը:

Իսկ վարչապետի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանել են. «Մենք ժամկետներ չենք ասում օրենսդիր մարմնին, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի հնարավորինս շուտ երկրորդ ընթերցումը կազմակերպվի, եւ, մոտավորապես, ժամկետը կլինի դեկտեմբերի վերջ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել