Tert.am-ը գրում է.

Տարին կամփոփենք մոտ 7 տոկոս տնտեսական աճով, ընդ որում՝ ներառական տնտեսական աճի միտումը գալիս է դեռևս 2017 թ.:  «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ կարևոր միտում է վերամշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի և սպասարկման ոլորտների աճը՝ ի հակադրություն հանքարդյունաբերության ոլորտի ավանդական գերակշռության. «Այսօր պետք է մտածել գիտատար, աշխատատար, բարձրտեխնոլոգիական ոլորտների մասին: Կարևոր է շինարարության ոլորտը՝ այն և՛ ներդրում է, և՛ աշխատատեղ»:

Ըստ տնտեսագետի՝ ամենազարգացած տնտեսություններն էլ ունեն ստվեր, առանց դրա անհնար է: «Մեր գյուղատնտեսությունը ստվերային է, շինարարության կամ ծառայությունների ոլորտում մեծ ստվեր կա, ընդ որում՝ խոսքն ավելի շատ փոքր տնտեսվարողների մասին է: Սա ռեժիմ է, որին տնտեսությունը հարմարվել է, չի կարելի կացնով կոտրել այն»,- կարծում է Բագրատ Ասատրյանը:

«Լավ է, որ բյուջեն հավաքագրվում է, բայց այն պետք է նաև արդյունավետ ծախսել, մի բան, որը չկա: 9 ամսվա ցուցանիշով մենք ունենք պրոֆիցիտ, բայց մենք պետք է լինենք դեֆիցիտային: ՀՀ-ն մեկն է, ՀՀ տնտեսությունը միասնական է, չի կարելի բաժանարար գիծ քաշել՝ մինչև 2018 թ. և դրանից հետո: Եթե դրական լուծումներ են եղել, օգտվեք դրանցից: Հեղափոխական գնահատականների պահն անցել է»,- ասել է Ասատրյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ձգտի բյուջետային ծրագրերն իրականացնել. «Մենք մեր հարկերը տալիս ենք, որ պետությունը լուծի որոշակի խնդիրներ: Ի՞նչ է նշանակում տնտեսել, դա նշանակում է ծրագիրը չկատարել, ինչն անթույլատրելի է մեր պահանջների տեսանկյունից: 9 ամսվա հաշվարկով գանձապետական միասնական հաշվում ավելի քան 350 միլիարդ դրամ պահեստավորված գումար կա: Այսպես չպետք է լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել