Pastinfo.am-ը գրում է.

«Ես համարում եմ սա շատ տխուր մի ոճի շարունակություն է, այն է՝ բոլոր մարմինները, անձինք,  որոնք նշանակվել են կառավարության կամ վարչապետի կողմից, եթե որեւէ անհամաձայնություն են հայտնում անգամ  երեւույթի հետ, այլ ոչ թե վարչապետի՝ որպես անձի, ըստ էության,  ոճը մեկն է՝ ազատվել այդ անձից, իսկ եթե հնարավոր է՝ մարմնից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ խորհրդից դուրս գալու որոշմանը։

Լարիսա Ալավերդյանի խոսքով, Վազգեն Մանուկյանի ճիշտ քայլ չի արել, թեեւ հասկանալի է նրա քայլի տրամաբանությունը։ «Ես հասկանում եմ իր մեկնաբանությունը՝ եթե ՀԽ աշխատանքն արդյունավետ չէ, ինքը կարող է ավելի բարձր դասել ապագա արդյունավետությունը, քանի որ այն հենց անմիջականորեն վարչապետի հետ աշխատելուն է վերաբերում։ Այդ հակասական իրավիճակում մեկ է՝ գտնում եմ, որ պետք էր հասնել նրան, որ  հանդիպեին եւ նա շարունակեր իր գործունեությունը», - ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, այսօր Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է խորհրդից դուրս գալու մասին: «Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»։

Լարիսա Ալավերդյանի խոսքով, իշխանության որդեգրած մոտեցումը «խելոք ուժի նշան չէ», որովհետեւ իշխանությունը  միշտ պետք է կարողանա աշխատել այն մարմինների հետ , որոնք այս կամ այն հարցի շուրջ ռազմավարական անհամաձայնություն  ունեն։  Լարիսա Ալավերդյանը Վազգեն Մանուկյանի հրաժարականը Հայաստանում ստեղծված  կուսակցականացված կամ խմբակային շահի մթնոլորտի հետեւանք է համարում։  

«Շահը միակն է՝ որ բոլորը կախվածություն ունենան կամ ամբողջովին  համաձայն լինեն այն քաղաքական խմբի հետ, որն այսօր իշխանության է»,-շեշտեց նա։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն կլինի ՀԽ դերակատարությունը եւ  արդյո՞ք վտանգ չկա, որ այն կդառնա իշխանության կամակատարը, Լարիսա Ալավերդյանը նախ ասաց, որ ՀԽ մասին օրենքը եւ Կանոնադրությունը կանոնակարգում են, թե  ով պետք է անցումային ժամանակահատվածում զբաղեցնի ՀԽ նախագահի պաշտոնը։ Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակում, անցումային ժամանակահատվածում ՀԽ նախագահին չպետք է նշանակի վարչապետը։

«Անշուշտ, ես զգում եմ վտանգ, որ եւս մի հաստատություն, ընդ որում  սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող, ամբողջովին պետք է համաձայնեցված գործի  իշխանության ու կոնկրետ  վարչապետի հետ»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել