Քանի որ կրության և գիտության ոլորտը իշխանության թեթև ձեռքով հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում, ապա հարկ եմ համարում արձանագրել որոշ կարևոր դիտարկումներ.

1. Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր և համակարգային պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ;

2. Անցած մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները չեն մշակել և հանրությանը չեն ներկայացրել կրթության և գիտության զարգացման հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր և ժամանակացույց: Պատճառը թերևս նույնն է՝ անկարողություն և տեսլականի բացակայությունը;

3. Կրթության, գիտության և այլ հարցերի նախարարությունն իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է բուհերի և դպրոցների վրա տոտալ վերահսկողության և քաղաքական ազդեցության հաստատման ուղղությամբ։

4. Հայաստանի կրթական հաստատությունները, ոսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ՀՀ բարձրագույն իշխանության և հատկապես վարչապետ Փաշինյանի կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության և հարգանքի (ապացույցները կներկայացնեմ ասվածի առնչությամբ կասկածների առկայության դեպքում):

5. Կոնկրետ ոլորտների պետական քաղաքականության մշակման ընթացքում, եթե, իհարկե, այդպիսիք մշակվում են, ՀՀ իշխանությունները չեն օգտվում Հայաստանի գիտա-ակադեմիական շրջանակների կողմից մշակված հարյուրավոր թեկնածուական և դոկտորական ատենախոսություններից, գիտական հոդվածներից, մենագրություններից և դրանցում առաջ քաշված առաջարկություններից և լուծումներից։

6. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կրում է տարերային բնույթ, համակարգված չէ, համաձայնեցված չէ տասնյակ հազարավոր մանկավարժների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:

7. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին: Այս քաղաքականությունը հիմնված է համընդհանուր (գլոբալ) շահի վրա և միտված է ՀՀ կրթական համակարգը համընդհանուր շահին ստորադասելուն և այդ շահին ծառայեցնելուն:

Կարծում եմ՝ նշվածը բավարար է կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված համարելու համար:

Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ, եթե այդպիսիք գտնվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել