Բժշկության մեջ մի տերմին կա՝ լոգորեա: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել երևի որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:

Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ՝ որ մեկից սկսես, ինչով ավարտես:

Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական «աննախադեպ» հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:

Շատ չար ու ժիր երեխեք են լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամից ամեն ինչի մասին ստից-մտից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասել, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտական ինստիտուտ պիտի պահես:

Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ թամադայի վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է թամադա (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել