168.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ երեկ Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում որևէ մեկին չի վիրավորել: Թե ո՞ւր էր գնացել պատգամավորը երեկ իր ելույթից հետո՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ միասին գնացել էին հանդիպման:

«Մարդիկ հեքիաթներ են հորինել, եզրակացություններ են անում, նման բան չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա, երեկ իրենց կողմից խորհրդարանում աղմուկ չի եղել, իսկ աղմուկի մասին բոլոր հարցերը պետք է ուղղել «աղմուկ անողներին»:

«Կարող եմ ասել, որ հալալ է, Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, նա լիարժեք, հայ քրիստոնյա է: Մեզ համար անընդունելի է, որ կարող է պատահի, որ համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն, նրանց դաստիարակած երեխան ի՞նչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, և ԲՀԿ-ի համար՝ սկսած Ծառուկյանից, այդ ամենն անընդունելի է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նաև նկատեց, որ եթե մինչև այսօր Հայաստանում համասեռամոլները երեխա չեն որդեգրել, իրենք վատ բան չեն ասում, որ առաջարկում են օրենք ընդունել, որ այսուհետև էլ չկարողանան որդեգրել:

Անդարդառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զգուշացմանը, որ կարող է Գ. Պետրոսյանին զրկել ձայնի իրավունքից, Գ. Ծառուկյանն ասաց. «Ասում ենք՝ եկեք օրենք ընդունենք, որ նման բաները փակենք: Գևորգ Պետրոսյանը ժողովրդի կողմից ընդունված պատգամավոր է, նա որևէ մեկին չի վիրավորել, ինչո՞ւ պետք է նրան ձայնի իրավունքից զրկել»:

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրեն չեն կարող համոզել, թե այն ընդունում են բռնությունները կանխարգելելու համար, եթե այդպես է, ապա ըստ նրա, «պետք է ընդունել հայկական ժողովրդական օրենք, որը կկանխի բռնությունները»:

«Մենք տողատակերով ոչինչ չենք ուզում»,- եզրափակեց Գ. Ծառուկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել