Pastinfo.am-ը գրում է.

«Տպավորություն ստացա, որ այս ամբիոնից արդեն սպառնալիքներ են հնչում, որ եթե այսպես չլինի, ուրեմն այնպես կլինի։ Նախ՝ սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է և երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել, և եթե ինչ-որ բաներ հիմա սկսենք հիշեցնել, հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը, ձեր հիշողությունից փոքր է»,-այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վեճին ու դրան հաջորդած հայտարարություններին։

Նրա կարծիքով՝ այս տգեղ խոսակցությունը հարիր չէ մի երկրի խորհրդարանի, որտեղ բացարձակապես այլ դիսկուրսներ, այլ բանավեճեր պետք է լինեն։
«Ի՞նչ է պատահել, Գևորգ Պետրոսյանը հայտնել է իր կարծիքը, հիմա ո՞վ շեղեց մեր բովանդակային քննարկումները օրենքի նախագծերից, մե՞նք, թե՞ դուք, երբ 30 հոգով վեր կացաք և սկսեցիք քննարկել մի պատգամավորի, որն այս պահին դահլիճում չէ։ Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, և տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին, հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ»,-ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ եթե պատգամավորները համաձայն չեն այս կամ այն հնչած կարծիքի հետ, ապա դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի։

«Ես էլ համաձայն չեմ ձեր նշած բազմաթիվ կարծիքների հետ, այդ թվում պարոն Աղազարյանի կարծիքի հետ, որ եթե պատգամավորն ելույթ է ունենում, ապա մյուս պատգամավորը պետք է մեխված մնա իր նստատեղին և դուրս չգա, նախագահությունն էլ պետք է ապահովի պատգամավորի ներկայությունը։ Ոչ, պարոն Աղազարյան, եթե ես որոշեմ դահլիճից դուրս գալ, ապա ոչ դուք, ոչ նախագահությունը, ոչ էլ որևէ մեկն ինձ չի կարող արգելել դուրս գալ, քանի որ Սահմանադրությամբ նման լիազորություն չունեք»,-ասաց Զոհրաբյանն ու նշեց, որ սպառնալիքներ հնչեցնելը խիստ մանկամտություն է։

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ դիմելով Զոհրաբյանին ասաց. «Դուք եք օրակարգ բերում թեման, մեզ մի մեղադրեք, իսկ տղամարդ պատգամավորը դահլիճում պետք է լինի նիստի ժամանակ, որովհետև իր հետ կապված քննարկում է տեղի ունեցել։ Գնում է դահլիճից, այսինքն դրա՞ն էլ մենք պետք է հետևենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել