XIV-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերի 23-ին կատալոնական Տարագոն քաղաքում հատուկ շքեղությամբ նշում են Սանտա Տեկլայի օրը, որը համարվում է քաղաքի գլխավոր տոնը և հազարավոր զբոսաշրջիկների է ներգրավում: Այս տոնն այլ անվանում ևս ունի՝ Հայկական նվերի օր:

Ի սկզբանե տոնը կրոնական բնույթ է կրել. տաճարներում զոհաբերություններ էին մատուցվում, իսկ փողոցներում ընծաներ պարգևում Սանտա Տեկլային: Սակայն XIX դարում տոնն առավել սրբացավ: Այսօր Տարագոնի բնակիչներն այն մեծ ճոխությամբ են նշում: Տոնակատարությունը շարունակվում է սեպտեմբերի 11-24-ը, սակայն հիմնական օրը համարվում է սեպտեմբերի 23-ը՝ այն օրը, երբ քաղաքը ստացավ իր հայկական նվերը:

Տոնի պատմությունն իր արմատներով հասնում է հեռավոր անցյալ: Դեռևս մեր թվարկության առաջին դարում, երբ Պողոս առաքյալը ուղևորվեց Իսպանիա՝ քրիստոնեություն տարածելու, նա հանդիպեց Իկոնիայում ծնված Տեկլա անունով մի աղջկա: Վերջինս այնքան էր հիացել առաքյալի խոսքով, որ փախել էր իր փեսացուից և ուղեկցել Պետրոսին:

Կանգ առնելով Տարագոնում՝ Պետրոսն ու Տեկլան քրիստոնեություն էին քարոզում և այդ հարցում հաջողությունների հասնում: Այնուհետև Տեկլան ինքնուրույն ճամփորդության մեկնեց ու շարունակեց քարոզչությունը: Նրան, սակայն, հետևում էին նոր կրոնի հակառակորդները, որի հետևանքով Տեկլան հայտնվեց բանտում ու բազմաթիվ տառապանքների ենթարկվեց:

Նրա մասին լուրերն արդեն վաղուց տարածվել էին ողջ քաղաքում և շատերի սրտերում տեղ գտել, բայց տառապանքները շարունակվում են, և Տեկլային ստիպում են փակվել քարանձավում, որտեղ էլ սկսում է զրուցել Աստծու հետ: Երբ քարանձավ են մուտք գործում քրիստոնեության հակառակորդները նրան նոր տառապանքների ենթարկելու համար, Տեկլան սկսում է աղոթել: Նույն պահին քարանձավը փլուզվում է, և դրանում գտնվող բոլոր մարդիկ վախճանվում են:

Համաձայն առասպելի՝ Տեկլայի մարմնի մնացորդներից հաջողվում է պահպանել միայն նրա ձեռքը, որը քրիստոնյաները բերում են Կիլիկյան Հայաստան:

Այս քրիստոնեական մասունքը հայերի տիրապետության տակ է եղել ընդհուպ մինչև 1321 թվականը: Այնուհետև կիլիկյան արքա Լևոն V-ի հրամանով սրբի ձեռքը տեղափոխվել է Տարագոն:

Կես հարյուրամյակ անց՝ 1370 թ., Տարագոնում հրատարակվեց պատմական կարևոր փաստաթուղթ՝ Ordinacions de Santa Tecla տոնի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր Տարագոնում յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 23-ին նշվում է Հայկական նվերի օրը: Սուրբ Տեկլան համարվում է քաղաքի հովանավոր սուրբը:

Տոնի ժամանակ փողոցում տարատեսակ միջոցառումներ են ընթանում՝ փառատոներ, համերգներ, մրցույթներ, հրավառություններ: Չնայած դրան՝ տոնը չի կորցնում գլխավոր՝ կրոնական նշանակությունը:

Միջոցառումներին մասնակցում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդներն ու երեխաները: Տոնը կազմված է երկու մասից՝ Santa Teca և Santa Tecla petita: Երկրորդ մասը նախատեսված է հենց երեխաների համար: Մինչ օրս Տարագնոում շատ կանանց ու աղջիկների տալիս են Տեկլա անունը և տոնի ժամանակ նրանց նվերներ շնորհում:

Տոնակատարության անբաժանելի մասն է կազմում մարդկային ամրոցի կազմումը, որը հիշեցնում է հայկական «բերդ» պարը, սակայն շատ ավելի բարձր է: Ի տարբերություն «բերդի»՝ այստեղ մասնակցում են նաև երեխաներն ու կանայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել