168.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանն ԱԺ-ից գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ` նշելով, որ Ծառուկյանը գուցե նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարարությունների հետ:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գևորգ Պետրոսյանը Ծառուկյանի հետ չի գնացել, այլ Դեմիրճյան փողոցում ուներ հանդիպում, ուստի դահլիճից դուրս է եկել և գնացել է այդ հանդիպմանը:

«Չգիտեմ՝ ինչու են մեր գործընկերներ նման ենթադրություն արել, թե Ծառուկյանը Պետրոսյանի հետ լուրջ խոսելիք ունի, գուցե նրանցից հարցնեք, ըստ էության, նրանց ենթադրության դաշտից է այդ ամենը»,- նշեց Արման Աբովյանը:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, թե Գևորգ Պետրոսյանն իր նախագծերով արջի ծառայություն է մատուցում Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանը նկատեց՝ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, և յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր տեսակետը հայտնել:

«Հիմա ես զերծ կմնամ մեկնաբանել՝ ով ում ինչ ծառայություններ է մատուցում: Կարող եմ ասել մի բան, որ ԲՀԿ-ն լիովին կիսում է պարոն Պետրոսյանի դիրքորոշումը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք բարձրացրել է նա: Պետք չէ փնտրել ենթատեքստեր այս կամ այն կողմից, գոյություն ունի հստակ ու պարզ դիրքորոշում, մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, մեր գործընկերները՝ իրենցը, լարված խոսակցություն էր: Այստեղ արտառոց բան չեմ տեսնում»,- շեշտեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բնորոշմանը, որ Գևորգ Պետրոսյանի բերած նախագիծը քաղաքական նպատակ ունի, և սպառնալիքին, որ ԲՀԿ-ին կհիշեցնի իր անցյալը, Արման Աբովյանն ասաց.

«Եթե մենք սկսենք իրեն հիշեցնել… լավ բան չի լինի, էլի… Մենք բոլորս աշխատում ենք միասին, և յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը»:

Թե ինչ պետք է հիշեցնի Ալեն Սիմոնյանին, Արման Աբովյանը չմանրամասնեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել