«Իրատես» թերթը գրում է. «2020 թ. գարնանն Արցախում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցության առումով, աննախադեպ են: Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ օրերս կայացած համագումարի ժամանակ:

«Հայաստանյան քաղաքական վերադասավորումներից հետո արցախցիները խանդավառվել են ու որոշել փորձել ուժերը: Բավական շատ են նոր ուժերը, որ ինքնավստահությամբ հայտարարում են, թե հաջողություն են գրանցելու: Չեմ բացառում, որ կարող են նախընտրական դաշինքներ ձևավորվել, այլապես, եթե բոլորը նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարեն ու անցնեն խորհրդարան, դա 110 տոկոս է կազմում: Հիմնական ֆավորիտները, ըստ երևույթին, Հարությունյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Մայիլյանը կլինեն: Թեև առայժմ չի բարձրաձայնվում, բայց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց նրա հավակնությունը, ըստ երևույթին, խորհրդարանի ղեկավար պաշտոնը ստանձնելն է»,- ասաց «Իրատեսի» արցախյան աղբյուրը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին և Վիտալի Բալասանյանին, ըստ մեր զրուցակցի, Բալասանյանը դժվար թե լուրջ մրցակից լինի Մայիլյանի կամ Հարությունյանի համար, իսկ Բաբայանը, չկարողանալով նախագահի թեկնածու առաջադրվել, որոշել է ակտիվորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում լրջագույն քվե ստանալու և գուցե մեծամասնություն կազմելու համար:

«Դեռևս հստակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արցախյան ինչ ուժերի են սատարելու: Արայիկ Հարությունյանի թիմն ու անձամբ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում են՝ համակրում են Փաշինյանին ու ողջունում նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը: Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, սակայն, լավ հարաբերություններ ունեն Արցախի նախկին նախարար Մասիս Մայիլյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ էլիտան որևէ թևի չաջակցի ու չխառնվի ոչ մի բանի»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել