Մի քանի պաշտոնանկություն ու իշխանությունների ռեյտինգի անկում. սա այն ամենն է, ինչ կունենանք Ստամբուլյան կոնվենցիայի այս ագրեսիվ պրոպագանդայի արդյունքում

Որքան էլ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այսօր արշավեն Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ու լիրիկական զեղումների գիրկն ընկնեն հայու գենի պահպանմանն ուղղված արգումենտներ փնտրելիս, փաստ է՝ 2018-ի հունվարի 18-ին, Հայաստանն ստորագրել է այդ փաստաթղթի տակ՝ չառարկելով սեռական փոքրամասնությունների, միասեռ ամուսնությունների, երրորդ սեռի ներմուծման և այլ՝ այսօր վիճելի համարվող դրույթներին:

Նախկին իշխանությունները, այնուամենայնիվ, պնդում են, որ չէին կարող փաստաթղթի տակ չստորագրել, քանի որ ԵՄ-ի կողմից կոշտ պայման էր դրված՝ չեք ստորագրի Ստամբուլյան կոնվենցիան, իրենք էլ չեն ստորագրի Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրան զուգահեռ պարզաբանում են, թե ստորագրել դեռ չի նշանակում վավերացնել, ու իրենք չէին էլ պատրաստվում անել դա։ Բայց թե իրականում ինչպես կվարվեին նրանք, չգիտենք՝ վերջիններիս նախկին լինելու պատճառով: Փոխարենը կարող ենք արձանագրել, որ այնպես էին վստահեցրել ԵՄ-ին, որ վավերացնելու են կոնվենցիան, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի զգալի մասն այսօր արդեն գործում է:

Այսօր ունենք նոր իրավիճակ՝ նոր իշխանությունները գնում են Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով վավերացնելու ճանապարհով՝ չանսալով այն փաստին, որ սա փաստաթուղթ է, որը չունի հանրային աջակցություն, փաստաթուղթ է, որի շատ դրույթներ վիճելի են անգամ գերժամանակակից Եվրոպայի համար: Ի դեպ, Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը միայն:

Բայց մեր իշխանություններն այնքան են շտապում ԵՄ-ի հետ ջերմանալ, որ որքան էլ կոպիտ հնչի՝ դարձել են բառիս բուն իմաստով գեյ պրոպագանդիստ ու գործում են հախուռն, ոչ նուրբ, հաճախ չտրամաբանված ինքնավստահությամբ հատելով ազգայինի սահմանները, չվախենալով սասանել դրանց հիմքերը ու չվախենալով այն դատարկությունից, որը կհաջորդի, եթե իրենք հաջողեն ու ազգային արժեքներն աղճատվեն:

Ցանցերում տարածվող հորինովի բռնության անոնիմ պատմությունները, մելինեդալուզյանների ֆիլմերի ֆինանսավորումն ու կապույտ մազերով տարօրինակ կանանց ներկայացումների ֆինանսավորումը դարձան այն գործիքակազմը, որով իշխանությունները փորձում էին ու են հանրային աջակցության դաշտ ձևավորել կոնվենցիայի շուրջ: Ու սա մի հասարակությունում, որտեղ ոչ վաղ անցյալում պատռած ջինսերի համար մարդ էին ծեծում փողոցում: Շտապողականության հիմքում, անշուշտ, իշխանությունների՝ իրենց ունակությունները գերագնահատելն ու նայիվությունն է հանրային կարծիք ձևավորելու, ուղղորդելու հարցում: Որովհետև ակնկալել, որ հաշված ամիսների ընթացքում հնարավոր կլինի մի ամբողջ հասարակության վերաբերմունք փոխել տաբու այս թեմաների շուրջ, առնվազն լուրջ չէ: Ու գիտակցված, թե՝ ոչ, սրանով իշխանությունները մտնում են իրենց մաշող պրոցեսի մեջ, քանի որ ինչպես Ամուլսարի թեման ցույց տվեց, իշխանությունները չունեն ռեսուրս՝ գնալու հանրային ալիքի դեմ: Այսինքն՝ մեծ հաշվով ամենաշատը, ինչ կարող ենք ունենալ այս ագրեսիվ քարոզի վերջում, նախաձեռնության հեղինակների ձախողումն է, մի քանի պաշտոնյայի հրաժարականը և իշխանությունների ռեյտինգի անկումը, եթե ժամանակին հետ չկանգնեն: Առնվազն արժեքները պահպանելու իմունիտետ մեր հանրությունը, վստահ եմ, ունի։

Բայց կա զուգահեռ իրականություն:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ երկրների ընդամենը կեսի կողմից, ու ամբողջությամբ ուժի մեջ կարող է մտնել միայն բոլոր անդամ երկրների վավերացումից հետո։ Համաձայնագրի՝ բոլոր անդամ երկրների կողմից վավերացումն ու ամբողջությամբ ուժի մեջ մտնելը կարող է տարիներ տևել, այդ դեպքում ինչո՞ւ են մեր իշխանությունները շտապում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան հիմա, երբ գուցե տարիներ հետո մենք համոզվենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեր երկրին այնքան շոշափելի առավելություն չտվեց, որ դրա համար գին վճարենք Ստամբուլյան կոնվենցիայով։ Կամ էլ գուցե այս տարիների ընթացքում ԵՄ-ի մեր գործընկերները հասկանան, որ չարժե նման կոշտ պայման դնել մեր առջև, առնվազն հիմա, երբ եվրոպական որոշ բարքեր ուղղակի անհարիր են մեր ազգային հավաքական կերպարին ու լուրջ դիմադրության են հանգեցնելու: Իսկ որ ԵՄ-ն նման բաներ հասկանում է ու բացառություններ անում է, գիտենք նույն ԵՄ-ՀՀ համաձայնագրի կոնտեքստում: Երբ ԵՄ-ն, որը տարիներ շարունակ պնդում էր, որ ՀՀ-ի վարած «և՛, և՛»-ի քաղաքականությունը ահնարինի ճանապարհ է, համաձայնեց համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ: Այդ դեպքում ինչո՞ւ բացառել այս մի հնարավոր բացառությունը ու այսօր գնալ հասարակությանը գեյ քարոզ անելու անպտուղ ուղով:

Մենք, ոչ միայն աշխարհագրորեն, այլև դրանից բխող մշակութային խաչմերուկում ենք: Ու մեր մեջ կրում ենք ոչ միայն մեր հարևանների, այլև քաղաքակրթական այլ բնօրրանների մշակութային էլեմենտներ։ Մենք լիարժեք եվրոպական երկիր չենք ու չենք լինի, ինչպես չենք լինելու լիարժեք ասիական, կամ կովկասյան երկիր: Մենք հայ ենք՝ մեր յուրահատկություններով ու արժեքներով ու այդ արժեքներից փախչել չի կարելի: Ստիպել, որ մեր ու Ֆրանսիայի կամ Իսպանիայի հասարակությունների արժեքներն իդենտիկ նույն սյուների վրա խարսխված լինեն անմտություն է: Ի տարբերություն նույն Ֆրանսիայի՝ մենք գտնվում ենք բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի ռեժիմում: Հայրենասիրության ու առնականության մեկ այլ տիպի քարոզ պետք է տարվի մեր երկրում ու հայամետ իշխանությունը դա պետք է հստակ գիտակցի: Պետք է խրախուսել հայկական արժեքները, ոչ թե ջուր լցնել սերունդ չտվող հարաբերությունների վրա: Պետք է ազգայինը պահելով գնալ աշխարհի հետ համագործակցության: Ու եթե աշխարհն այդ ազգայինի հետ հաշտվել չի ցանկանում, ապա Աստված այդ աշխարհի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել