168.am-ը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում բացակայող քաղաքական դիսկուրսն ինքնըստինքյան հանգեցնում է տարբեր արհեստական օրակարգերի ձևավորմանը և տարբեր կոնսպիրոլոգիական տեսությունների ներդրմանը, որոնք հիմնականում քաղաքական միֆերի ու առասպելների ժանրից են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ավելին, դա կիրառվում է իշխանությունների կողմից հատուկ մանիպուլյատիվ նպատակով, որպեսզի հանրության մոտ շարունակվի ավելանալ ատելության չափաբաժինն ու նախկինների նկատմամբ ունեցած հակակրանքը։

Զանգվածային գիտակցության մեջ միֆը հազվադեպ է կապվում արդիականության հետ։ Այն սովորաբար ընկալվում է՝ որպես գյուտ, ինչ-որ ֆանտաստիկ բան, որը գոյություն չունի և առավել հաճախ մեկնաբանվում է՝ որպես խաբեություն։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած միֆաբանության ավանդական հատկանիշները պայմաններ են ստեղծում քաղաքական նեոմիֆաբանական պատմությունների համար, որի շնորհիվ ձևավորվում և պահպանվում է քաղաքական փորձը հասարակության և նրա կոլեկտիվ հիշողության մեջ։ Իրականում միֆի դերը մնում է նույնը, սակայն սովորական կրոնական և սոցիալական սցենարները փոխարինվում են քաղաքական հրամայականով։

Ժամանակակից աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ենթադրում են մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդների հարուստ զինանոցի կիրառում:

Ըստ էության՝ ԶԼՄ-ներն իրենց հասարակական-հոգեբանական ազդեցությունն իրականացնում են նախ և առաջ տեղեկատվության կառավարման և մանիպուլյացիայի միջոցով: Փաստացի դա իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական ուղղորդմամբ կիրառվող այն քաղաքականության հետևանքն է, ինչի արդյունքում տոտալ դեմոնիզացման գործընթաց է ընթանում՝ հիմնական առանցքային թիրախում ունենալով գլխավորապես երկու անձի՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ահա այս երկու գործիչներն էլ ներկայումս դարձել են իշխանական քարոզչամեքենայի գրոհի նպատակակետը, և ցանկացած մեթոդ կիրառվում է երկու նախագահների միջև արհեստական լարվածություն ստեղծելու համար։ Ուսումնասիրելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանամերձ լրատվականների հրապարակած հոդվածները՝ ականատես ենք լինում մոտավորապես հետևյալ բովանդակությամբ թեզերի՝ «Սերժ Սարգսյանը գցեց Քոչարյանին», «Սարգսյանը հետաքրքրում է եվրոպական շրջանակներին՝ ի հակակշիռ Քոչարյանի» կամ, ասենք՝ «Ռուսաստանը մերժեց երկրորդ նախագահին», և նմանօրինակ «ինտրիգային» վերնագրեր ու թիրախային գաղափարներ։

Տեղի ունեցածը դասական առումով մանիպուլյացիոն գործիքակազմ է, որն այժմ կիարռվում է իշխանության կողմից՝ քաղաքական դաշտը հնարավոր մեթոդներով ամլացնելու համար։ Ըստ էության հասկանալի է այն փաստը, որ Փաշինյանը, հասկանալով, որ ներկա փուլում բավականին խարխուլ են իր իշխանության հիմքերը, և օրըստօրե նոր ձախողումների ալիք է բարձրանում (ՍԴ, դատաիրավական համակարգի բարդակ, կրթական համակարգում տիրող քաոսային իրավիճակ, Մարտի 1-ի «կարված» ու արդեն լճացած գործ, անհասկանալի ու չլուծված Ամուլսարի հանքի շահագործման խնդիր, պետական ապարատի աշխատավարձերի գաղտնի բարձրացման սկանդալ, Բ26-ի «ճամպրուկների լեգենդ», և այլն՝ դարձել են Նիկոլ Փաշինյանի համար պատուհաս), ուստի ձեռնամուխ է եղել քաղաքական հնարավոր կոնսոլիդացիայի և ակտիվ գործընթացների յուրաքանչյուր փոքր հնարավորությունն անգամ ոչնչացնել հենց օջախում։

Ստացվում է այնպես, որ Փաշինյանն ու թիմակիցներն ամեն ինչ անում են երկու նախագահներին միմյանց հետ «կռվացնելու» պրիմիտիվ քաղաքական սադրանքով ու ակնհայտ արհեստական գործիքակազմով։

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում արտաքին աշխարհաքաղաքական զարգացումների ենթատեքստից մինչև ներքին լրահոս․ իշխանական պրոպագանդան ակնհայտ վախենալով միասնական գործողություններից՝ դիմում է նման քայլերի։ Փաստն այն է, որ թեպետ ընդհանուր քաղաքական օրակարգը համաձայնեցված չէ, և չկան հստակ պայմանավորվածություններ, սակայն ակնհայտ է նաև, որ այսօր բացահայտ ՀՀԿ-ն է պայքարում Քոչարյանի ապօրինի կալանավորման հարցում՝ թե ներքին, թե արտաքին հարթակներով։

Այս առիթով տեղին է ընդգծել, որ ընդհանուր առմամբ քաղաքական լեզվի առանձնահատուկ ազդու զենքերից են մանիպուլյատիվ հասկացությունները կամ «պիտակները», որոնք վերագրվում են քաղաքական ընդդիմախոսներին ու հակառակորդներին: Դրանք ստեղծվում և շրջանառության մեջ են դրվում հատուկ նպատակով: Վտանգն այն է, որ հիմնականում ԶԼՄ-ների միջոցով կիրառության մեջ մտնելով` դրանք գոյատևում են երկար, դառնում սովորական, առօրեական բառեր` երբեմն փոխարինելով ու դուրս մղելով այլ նույնիմաստ, բայց պակաս ագրեսիվ հասկացությունները, օրինակ՝ Ռեյգանի «չարի կայսրություն» պիտակը, որը բավական հաջող գտնվեց ամերիկացիների մեջ ԽՍՀՄ-ի վերաբերյալ կարծրատիպերի ձևավորման տեսանկյունից: Եթե համադրում ենք քաղաքական միֆաբանության և մանիպուլյացիոն տեսությունների համապատկերը, ստացվում է, որ այսօր ՀՀ գործող իշխանությունները փորձում են հանրության մոտ ձևավորել իրենց քիմքին հաճո օրակարգ՝ Սերժին ու Քոչարյանին արհեստական «հակառակորդներ» և որպես «քաղաքական ախոյաններ» ներկայացնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել