Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թրամփը ժամանակին ուզում էր «հայկական հարցին» տալ «թուրք-հայկական պատերազմի հետևանքներ» բնորոշումը, մինչդեռ ինքը՝ Էրդողանը, դա մերժել է՝ պնդելով, որ այն ժամանակ հայկական պետություն գոյություն չի ունեցել, իսկ հայազգի բնակչությունն իրոք որ առարկա է եղել բռնի տեղահանմանը: Այսինքն՝ Թուրքիայի նախագահը պնդում է, որ առնվազն պատրիոցիդը եղել է:

Էրդողանը սա պատմել է ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես լծակ օգտագործելու համատեքստում: Նույն համատեքստում է պետք դիտարկել այն փաստը, որ նա առաջին Թուրքիայի ղեկավարն է, որ Եղեռնի առթիվ ցավակցական նամակ է հղել, նույն համատեքստում նա կարճ ժամանակով հրապարակել էր արխիվները, որոնք ցույց էին տալիս, որ Թուրքիայի բնակչության մի մեծ մաս ազգությամբ հայ է, նույն համատեքստում նա փորձեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսել (կամ առնվազն թույլ տվեց, որ այն որորշ ժամանակ գոյություն ունենա):

Իր այս քայլերը բխում են ոչ թե հայերի հանդեպ առանձնահատուկ սիրուց, այլ այն փաստից, որ նա վերջին հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի միակ ինքնիշխան ղեկավարն է: Նա հասկանում է, որ ցեղասպանության հարցի շահարկումը միշտ լինելու է Թուրքիայի հանդեպ ճնշման գործիք, և այդ գործիքի վերացման ամենաարդյունավետ ձևն է ցեղասպանույթունը ճանաչելը: Ուրիշ հարց, որ դա այդքան հեշտ չի անել մի երկրում, որը հարյուր տարի կառուցվել է կեղծ ազգայնականության հողի վրա: Մի երկրում, որտեղ հույներին, հայերին ու մնացածին ստիպում էին անուն-ազգանուն փոխել: Մի երկրում, որտեղ «Իմ Թուրքիա» թերթի խմբագիրն է եղել Իսրայել Լազարևիչ Գելֆանդը (նույն ինքը՝ Ալեքսանդր Պարվուսը), իսկ ազգայնականության հիմնահայրն էր Մունիզ Տեկինալպը (նույն ինքը՝ Մոյշա Կոենը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել