Pastinfo.am-ը գրում է.

Այսօր ՀՅԴ ԳՄ ասուլիսին ԳՄ անդամ Տարոն Տոնոյանն ուշագրավ հայտարարություն արեց։ Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ՝ ՀՅԴ-ին ուղղված «անդաստիարակ» որակմանը, Տարոն Տոնոյանն ասաց.

«Մեր ընտանիքներում եւ Դաշնակցությունը, որպես ընտանիք,մեզ դաստիարակել է սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը։ Սիրել՝ ոչ միայն լեզվով, այլ սրտով ու գործով, ինչը մենք արել ենք պատերազմի ժամանակ։ Ով անմիջական մասնակցություն չի ունեցել, նրանք զենք ու զինամթերք են ուղարկել իրենց բարեկեցության շնորհիվ, որ մենք կարողանանք Արցախյան պատերազմում հաջողել։ Սա է մեր դաստիարակությունը։ Մեր դաստիարակությունն այն է, որ այսօր նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին իսկ արձագանքողներն են եղել եւ հայտնվել են Թալիշի առաջնագիծ դիրքերում եւ ոչ թե երկրորդ ռուբեժի խրամատներ են փորել»։

Ըստ էության ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի ակնարկն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին , որը վարչապետի թեկնածուի կարգավիճակում Ազգային ժողովում դեռ 2018 թվականի մայիսի 5-ին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել . «Ես խրամատ եմ փորել, քնել վրանում և ավտոմատով պաշտպանել իմ հայրենիքի՝ ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը, և որևէ մեկը չփորձի իմ գործողությունները այլ լուսնի ներքո ներկայացնել»։

ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն ՀՅԴ երիտասարդներին է համարում «անդաստիարակ», այլեւ Դաշնակցության հայաստանյան կառույցը եւ հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է Մայր Աթոռը գրավելու եւ այնտեղ վրաններ խփելու դաստիարակությունը։ «Մեզ համար անդաստիարակ են այդ մարդիկ,  ովքեր դատարաններ են շրջափակում։ Սա է մեր դաստիարակությունը, մնացածը հանրության դատին եմ հանձնում»,-շեշտեց նա՝ հավելելով, որ եթե Արայիկ Հարությունյանը այնքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանց մայրերից, ովքեր Եռաբլուրում են հանգչում եւ Դաշնակցական են։

ՀՅԴ-ի քննադատությունը, Տարոն Տոնոյանի խոսքով, մշտապես եղել է ի շահ պետության եւ իրենք երբեք չեն իջել բամբասանքի մակարդակի։ Նրա խոսքով, երիտասարդների պոռթկումը այս վերջին 1-1.5 տարվա ընթացքում տեղի ունեցած բացասական երեւույթների արտացոլումն էր։

Նա անհանգստացնող համարեց այն քաղաքականությունը, որը վարվում է մշակույթի, կրթության եւ գիտության, ոլորտում, այն քաղաքականությունը, որը հասարակությունը տանում է ապազգայնացման։ «Սա մենք որակում ենք ծրագրավորված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի՝ ապազգային ՀՀ քաղաքացի ստանալը, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է։ Սա է մեզ վախեցնում , մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-ի պատասխան հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել