Pastinfo.am-ը գրում է.

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը ամբարտավան եւ մեծամիտ որակում։ Այս մասին Արծվիկ Մինասյանը հայտարարեց քիչ առաջ ՀՅԴ ԳՄ անդամների մամլո ասուլիսին։ Նա ասաց, որ Արայիկ Հարությունյանին ժամանակին հրապարակային բանավեճի են հրավիրել։

«Բանից պարզվում է՝ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան Տրոյական ձի Հայաստանի համար, որի նպատակն է քանդել հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը , եւ եթե կա նրան պաշտպանող անձ, որը հետեւողականորեն այս քաղաքականությունն է տանում, նույնքան մերժելի է այդ անձը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպել է նստացույց անող երիտասարդների հետ եւ հայտարարել.«Ուղիղ ասեմ՝ ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում»։

Այս մասին հարցին ի պատասխան, Արծվիկ Մինասյանը դատապարտեց իր խոսքով՝ սեպարատիստական մոտեցումը, կուսակցական հիմքով մարդկանց բաժանելու։ Նա շեշտեց, որ բողոքի ձայն են բարձրացնում ոչ միայն ՀՅԴ-ականները։ «Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է նույն տեսակետը, ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը նույն գնահատականները իր հասցեին ենք հնչեցնում, նույնիսկ ավելի խիստ՝ իր հասցեին կհնչեցնենք», -հայտարարեց Մինասյանը։

Նա ասաց, որ այս պահին ողջախոհություն են ակնկալում, որովհետեւ ապազգային մերժված ուժին աջակցող, իր ապազգային գործունեությամբ հայտնի անձը չի կարող լինել ԿԳՄՍ նախարար։

Հիշեցնենք, ԿԳՄՍ նախարարության առջեւ նստացույց անող երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրության, աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, որը ծանրորդուհի Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին է պատմելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել