ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գնալիս հանդիպեց ԿԳՄՍ նախարարության դիմաց  նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներին, զրուցեց նրանց հետ:

Երիտասարդներն իրենց մոտեցած վարչապետին տեղեկացրին, որ իրենք պահանջներ և գնահատականներ են ներկայացրել, թե ինչու են պահանջում Հարությունյանի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց, որ համամիտ չէ այդ պահանջներին ու գնահատականներին:

Ինչ վերաբերում է երիտասարդների այն վստահեցումներին, թե նախարար Արայիկ Հարությունյանը վիրավորել է իրենց, վարչապետը նշեց, որ թեև տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, բայց չի կարծում, թե նախարարը դրան ընդունակ է:

Երիտասարդներից մեկի այն դիտարկմանն էլ, թե Արայիկ Հարությունյանը տապալել է գիտության և կրթության ոլորտները, վարչապետն արձագանքեց. «Եթե նա թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկը չէր բողոքի, չէ՞: Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում կրթական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունն է իրականացնում, և ես երեկ կառավարության նիստում անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, թե ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ էլ՝ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»:

Երիտասարդները վարչապետ Փաշինյանին փոխանցեցին թուղթ, որի վրա առանձնացրել էին նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունները՝ ուղղված իրենց, և ժետոն, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Կծանոթանամ թղթին, իսկ ժետոնի համար, կարծում եմ, ինքը հարյուր դրամ ունի»:

Երիտասարդներից մեկն էլ պնդեց, որ իրենց ժետոնը փոխանցի: Վարչապետն ի վերջո վերցրեց ժետոնը և նշեց, որ կպահի իրեն՝ որպես հիշատակ:

Այնուհետև վարչապետը հայտարարեց, որ հիմա կարող են զրուցել, քանի որ բոլորն էլ կովկասցի են, բարեբախտաբար: «Մենք կովկասցի չենք, պարոն վարչապետ, մենք արիացի ենք»,- պատասխանեցին երիտասարդները:

Ապա նրանք վարչապետից հետաքրքրվեցին՝ արդյոք արդարացնում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:

Վարչապետն էլ ասաց, որ չի արդարացնում, բայց այդ մարդը աշխարհի եռակի չեմպիոն է: «Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի չեմպիոն է և երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է, և Հայաստանի օրհներգն է հնչել: Հիմա, եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, ովքեր իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք»,- ասաց նա:

Երիտասարդներն էլ վարչապետից հետաքրքրվեցին, թե այդ ֆիլմից ինչ ուղերձ են ստանալու սերունդները: Իսկ հարցին էլ՝ ինչու, օրինակ, մեր թագավորների մասին ֆիլմ չի նկարահանվում ու ֆինանսավորում, վարչապետն ասաց. «Ես ինքս եմ խնդիր դրել, որ մեր թագավորների մասին ֆիլմեր նկարվեն, ես եմ հրապարակային էդ թեմաներով խոսել»:

Երիտասարդներն էլ հակադարձեցին. «Նախարարը Ձեր բարձրացրած խնդիրը չի իրականացնում, երևի նախարարը խառնել է թագավորներին ու Մելին, և հիմա նրա մասին է ֆիլմ նկարահանվում»:

Վարչապետը իր հերթին նշեց՝ խնդիրը հետևյալն է. նախարարությունը ֆինանսավորել է եռակի չեմպիոնին, ում պատվին Հայաստանի դրոշը բարձրացվել է:

Ապա վարչապետը նշեց, թե ուշանում է և պետք է գնա: Վարչապետին ուղեկցեցին «Արայի´կ, հեռացի´ր, կոչերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել