«Այն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի չեմպիոն է և երեք անգամ Հայաստանի դրոշը բարձրացրել է, և Հայաստանի օրհներգն է հնչել»,- այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող և նստացույց անող ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երիտասարդների այն հարցին, թե արդարացնո՞ւմ է արդյոք ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորումը:

Վարչապետն էլ ասաց, որ չի արդարացնում, բայց նրա խոսքով՝ այդ մարդը եռակի չեմպիոն է:

«Հիմա, եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, ովքեր իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք: Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»,- հարցադրում արեց նա:

Երիտասարդներն էլ վարչապետից հետաքրքրվեցին, թե այդ ֆիլմից ինչ ուղերձ են ստանալու սերունդները, ինչու, օրինակ, մեր թագավորների մասին ֆիլմ չի նկարահանվում ու ֆինանսավորվում, վարչապետն ասաց. «Ես ինքս եմ խնդիր դրել, որ մեր թագավորների մասին ֆիլմեր նկարվեն, ես եմ հրապարակային էդ թեմաներով խոսել»:

Երիտասարդներն էլ հակադարձեցին. «Նախարարը Ձեր բարձրացրած խնդիրը չի իրականացնում, երևի նախարարը խառնել է թագավորներին ու Մելին, և հիմա նրա մասին է ֆիլմ նկարահանվում»:

Վարչապետը իր հերթին նշեց՝ խնդիրը հետևյալն է. նախարարությունը ֆինանսավորել է եռակի չեմպիոնին, ում պատվին Հայաստանի դրոշը բարձրացվել է, ապա նշեց, թե ուշանում է և պետք է գնա: Վարչապետին ուղեկցեցին «Արայի՛կ, հեռացի՛ր» կոչերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել