Աննա Հեյնինգ Սվոնը լույս աշխարհ է եկել 1846 թ. Կանադայի արևելքում՝ Նոր Շոտլանդիայում, շոտլանդացի ներգաղթյալների ընտանիքում։ Նա ընտանիքի 13 երեխաներից երրորդն էր։ Ընտանիքի մյուս բոլոր անդամները միջին հասակ ունեին։

Աննան միակն էր, ով չափազանց խոշոր էր ծնվել՝ 7 կգ քաշով։ Արագ տեմպերով աճում էին նրա հասակն ու քաշը։ 6 տարեկանում հասակը 158 սմ էր՝ հասուն կնոջ հասակ, 11-ում՝ 188 սմ, իսկ 15-ում՝ 210 սմ։ Հասուն տարիքում Աննայի հասակը հասել է 243 սմ-ի։ Ոտնաթաթի երկարությունը 34 սմ էր, ինչը համապատասխանում է կոշիկի 50-րդ համարին։ Ամերիկյան հայտնի Բարնումի կրկեսի տնօրենը՝ Թեյլոր Բանումը, լսեց Աննայի մասին և նրան առաջարկեց իր խմբին միանալ։

16-ամյա Աննան մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Նա այն ժամանակների համար մեծ գումարներ է աշխատում՝ ամսական 1000 դոլար։ Դա աղջկան հնարավորություն էր տալիս կրթություն ստանալու. նա հաճախում էր դաշնամուրի և դերասանական վարպետության դասընթացների։ Այսպես՝ անոմալ հասակը նրան օգնեց ֆինանսական հաջողությունների հասնել։ Սակայն մի անգամ այդ հասակը նրան մահվան դուռը հասցրեց. Բարնումի թանգարանում բռնկված հրդեհի ժամանակ նա չէր կարողանում պատուհանից դուրս գալ։

Հրշեջները ստիպված էին արագ պատը մասերի բաժանել և նրան այնտեղից դուրս հանել վերամբարձ կռունկով։ Հենց այդ ժամանակաշրջանում էր թափառաշրջիկ կրկեսներից մեկում հայտնվեց ևս մի հսկա՝ Մարտին Բեյթսը, ով նախկին զինվորական էր ու մասնակցություն էր ունեցել քաղաքացիական պատերազմին։ Տղամարդու հասակը 241 սմ էր։ Մինչ պատերազմը նա որպես ուսուցիչ էր աշխատում, այնուհետև սկսեց հանդես գալ կրկեսում՝ հուսալով աշխատել ավելի շատ գումար։

Աննայի պրոդյուսերը նկատեց Մարտինին բեմի վրա և հասկացավ, որ Աննան ու Մարտինը կարող են հրաշալի կոմերցիոն զույգ կազմել։ Նրանց սկսեցին ներկայացնել որպես ամուսինների, և հսկաների համատեղ ներկայացումները մեծ հաջողությունների արժանացան։ Հետագայում զույգն իսկապես սիրահարվեց, և 1871 թ. նրանք պաշտոնապես ամուսնացան։ Ամուսինները 4 մ բարձրություն, հսկայական դռներ ունեցող տուն կառուցեցին։ Ինչպես և յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք, նրանք ևս ցանկանում էին երեխաներ ունենալ։ Քիչ ժամանակ անց նրանք պատրաստ էին առաջնեկի ծնունդին։

Սակայն, ցավոք, 1872 թ. մայիսին երեխան անշնչացած լույս աշխարհ եկավ։ Նրա քաշը 8 կգ էր, իսկ հասակը՝ 70 սմ։ Մի քանի տարի անց ճակատագիրը ամուսիններին երկրորդ հնարավորությունն ընձեռեց. նրանք սպասում էին երկրորդ երեխային։ 1879 թ. հունվարին Աննան ծանր ծննդաբերություն տարավ, որը մի քանի օր տևեց։ Ցավոք, երեխան անգամ մեկ օր չկարողացավ ապրել։ Նրա քաշը ծննդյան պահին 10 կգ էր։

Դրանից հետո ամուսինները վերադարձան կրկես, այնուհետև ամբողջությամբ հրաժարվեցին այդ տարիների «շոու-բիզնեսից» և սկսեցին մեկուսացած կենսակերպ վարել։ Աննան տուբերկուլյոզի պատճառով մահացավ 1888 թ.՝ չբոլորելով 42 տարին։ Բացի տուբերկուլյոզից՝ նա տառապում էր վահանաձև գեղձի մեծացմամբ, և որպես հետևանք՝ սրտային անբավարարությամբ։

Մարտինը, զարմանալիորեն, բավականին երկար կյանք ունեցավ, ինչը հազվադեպ է պատահում հսկա մարդկանց շրջանակում։ Աննայի մահից հետո նա ամուսնացավ հասարակ կնոջ հետ և մահացավ 1919 թ.՝ 82 տարեկան հասակում։

Հսկա ամուսինների զույգը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրահասակ զույգ։ Ռեկորդը մինչ օրս չի գերազանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել