Pastinfo.am-ը գրում է․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը մերժել է խոչընդոտման ռիսկի առկայության և ներկա պահին վերացված չլինելու հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Մինչդեռ նույն դատավորի՝ Աննա Դանիբեկյանի սեպտեմբերի 20-ի որոշմամբ արձանագրել էր, որ թաքնվելու ռիսկ առհասարակ առկա չէ, իսկ խոչընդոտելու ռիսկը թեև առկա է, սակայն նվազել է։

Ինչ վերաբերում է խափանման միջոց գրավի կիրառման իրավաչափությանը՝ Վարդևանյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանն արդեն ընդունել էր որոշում, որով ճանաչել էր խոչընդոտելու ռիսկը զսպումը գրավի միջոցով։ «Ճանաչել էր իրավաչափ՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը։ Այսինքն՝ գտել է, որ գրավը խոչընդոտելու ռիսկը զսպել է իրավաչափորեն»,- ասաց Վարդևանյանը։ Նա շեշտեց, որ դատարանի կողմից արձանագրվել է, որ թաքնվելու ռիսկ չկա, իսկ, եթե առհասարակ չլիներ խոչընդոտելու ռիսկը, ապա խափանման միջոցի կարիք ընդհանրապես չէր լինի։ «Եթե թաքնվելու ռիսկը չկա, խոչընդոտելու ռիսկն առհասարակ չկա, էլ ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը, որ մի հատ էլ գրավը կիրառվի»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ խոչընդոտման ռիսկի նվազման պայմաններում հենց գրավը պետք է կիրառվի։ «Այդ դեպքում ստացվում է, որ գրավը երբեք չպետք է կիրառվի»,- շեշտեց Վարդևանյանը։

Հարցին, թե արդյո՞ք դատարանի այս որոշումը սպասելի էր, Վարդևանյանը պատասխանեց, որ, թեև միշտ փորձում է հավատալ իրավունքի գերակայությանը և միջնորդություն ներկայացնելիս էլ միշտ հավատով է ներկայացնում, բայց այսպիսի որոշումները և օգտագործվող ձևակերպումները դարձել են մշտապես կրկնվող և շաբլոնային, ինչը ցավալի է և այս պարագայում սպասելի է։ Ինչը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նոր միջնորդություններին, Վարդևանյանը նշեց, որ խափանման միջոց կալանավորումն անընդունելի է, իսկ, եթե լինում է անընդունելի դատավարական ակտ, ապա դրա դեմ պետք է մշտապես միջոցներ ձեռնարկել։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը՝ թողնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել