Hraparak.am-ը գրում է.

Քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակից Գագիկ Գրիգորյանին, ինչպես ինքը հայտնեց, ազատել են՝ հղում անելով տարիքը։ Նա 53 տարեկան է։ «Պատճառաբանությո՞ւնը՝ տարիք․․․ մենք կարող էինք մինչեւ 55 տարեկան աշխատել․․․ սենց բոլորիս միանգամից ազատել են գործից, մարդ կա՝ մի տարի էր մնացել, որ թոշակի գնար»,- պատմեց Գրիգորյանը։ Նա արդեն այս մասին դիմում-բողոք է տարել օմբուդսմենի գրասենյակ, առաջիկայում էլ կառավարության շենքի դիմաց են բողոքի ակցիաներ անելու։

Մենք զանգահարեցինք քրեակատարողական վարչություն։ Նոնա Նավիկյանը նախ հայտնեց, որ նման կրճատումներ չկան, չեն նախատեսվում, առավել եւս՝ տարիքի հետ կապված։ Հետո հարցրեց՝ գուցե տարիքը լրացե՞լ է, թոշակավորման հա՞րց է առաջացել, որովհետեւ, եթե լրացել է տարիքը, այո, թոշակավորման խնդիր կա։ ՔԿՀ խոսնակը սկզբում հերքում էր նաեւ, թե ատեստավորումներ են նախատեսված, այնուամենայնիվ, ավելի ուշ հաստատեց․ «40 քրեակատարողական ծառայող ազատվել է ծառայությունից՝ համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի։ Ըստ որի՝ նրանց պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրացել է։ Այսինքն՝ պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար համարվում է 50 տարեկանը, միջին եւ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 55-ը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար՝ 60 տարեկանը, բարձրագույն խմբերի համար՝ 65-ը»։

Եվ սա ամենը չէ։ Տեղեկացանք նաեւ, որ կառավարությունը նախատեսում է ՔԿՀ-ների սոցիալ-հոգեբանական ծառայության աշխատակիցներին դարձնել քաղծառայողներ, ինչի արդյունքում ոչ միայն նրանց աշխատավարձերն իջնելու են, զրկվելու են սոցիալական փաթեթներից, այլեւ հետագայում ստանալու են ոչ թե զինվորական, այլ սովորական թոշակ։ Շատ մարդիկ 15-20 տարի է՝ աշխատում են ՔԿՀ-ներում, հիմա թոշակի անցնելու ժամանակն է, դարձնում են քաղծառայող, որ բարձր թոշակ չստանան։ Համակարգում վստահ են, որ պայմաններն այնքան են վատանալու, որ շատերը կամավոր հեռանալու են համակարգից։
 Փաստորեն, կառավարությունը սիրում է ամեն քայլափոխի տարփողել նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամով կամ թոշակը 1000 դրամով բարձրացնելու մասին, բայց բարեփոխումների անվան տակ ջուրն է լցնում մարդկանց տարիների վաստակը, ծրագրերն ու ապագան։

Իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ սեպտեմբերի 18-ին ՔԿՀ արդեն նախկին պետ Լյովա Բաղդասարյանի ձերբակալությունից հետո, մի իսկական կադրային ջարդ է սկսվել․ մասնավորապես, մոտ 9 հոգու՝ ՔԿՀ պետի 2 տեղակալներին, 4 բաժինների, այդ թվում՝ պահպանության աշխատակիցներին, բժշկին, գլխավոր հաշվապահին ստիպել են դիմում գրել՝ սպառնալով, որ «եթե չգրեք, մենք ձեւերը գիտենք», նրանք էլ տեղի են տվել։ Նրանց հրամանները դեռ չստորագրած՝ բերել-նշանակել են իրենց կադրերին։ «Սա ենթատեքստ ունի, սա թայֆաբազություն ա, ուղղակի իրենք սրանով իրենց այլան-չայլան կադրերին բերում-լցնում են, էդքան բան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչպես պատմեց նա՝ դիմումները գրել են պայմանով, որ, «ելնելով ստեղծված իրավիճակից, մեզ ազատեք, բայց հետագայում ընդունեք»։ Մինչդեռ ամիսուկես անցել է, բայց ոչ մի ընդունելության չեն արժանացել։ Հարցին, թե ինչու են գրել դիմումները, մեր զրուցակիցն ասաց․ «Դե, որովհետեւ ինչ ասես կարան անեն… կարան պախարակեն, կարան․․․»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ներում քաղծառայության համակարգին անցնելու որոշումը, արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ։

Այսօր համակարգի կրճատված աշխատողները ցույց են անելու կառավարության շենքի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել