Armenpress.am-ը գրում է․

Իր 15-ամյա հոբելյանը նշող «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը համընկնում է ՀՀ կառավարության ձգտումներին ու գործունեությանը, իսկ կառավարությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես մտքի  գործունեության և տեխնոլոգիական երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին«Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին մրցանակներ հանձնելուց հետո։  

«Շնորհավորում եմ ոչ միայն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը, այլ նաև բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ կարծում եմ, որ նման ընկերությունների մուտքը Հայաստան շատ նշանակալի է բոլորիս համար: Թեև այս ընկերության մուտքը եղել է 15 տարի առաջ, սակայն համընկնում է մեր կառավարության ձգտումներին և գործունեությանը: Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի  գործունեության և տեխնոլոգիական երկիր»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց աշխատանքային այն նոր մշակույթը, գործատու-աշխատող հարաբերությունների այն նոր կերպը և մակարդակը, որ բերվել է Հայաստան:  Նա նման ընկերությունների մուտքը և ընդհանրապես տեխնոլոգիական ընկերությունների մուտքը շատ կարևոր է համարում Հայաստանի քաղաքացու ձևավորման գործում:  «Ինքնիշխան քաղաքացու ձևավորման շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում: Եվ սրա համար ձևավորվում է ֆինանսատնտեսական շատ կարևոր հենք, երբ աշխատողն, ի տարբերություն հին համակարգերի, կախված չէ ընկերությունից և գործատուից: Աշխատողը ստիպված չէ երբեմն զոհաբերել իր հայացքները, իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումները՝ աշխատանք ունենալ-չունենալու այլընտրանքի հետ: Եվ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը շատ կարևոր եմ համարում այս տեսանկյունից: Եթե որևէ ընկերությունում նման խնդիր ծագում է, 100 տոկոսանոց հավանականություն կա, որ այդ մասնագետը շատ արագ առնվազն նույնպիսի աշխատանք կգտնի նույնպիսի ընկերությունում և հաստատ չի համալրի գործազուրկների բանակը: Այս առումով «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը շատ կարևոր է»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ ընկերությունը նշված ոլորտի առաջամարտիկներից է Հայաստանում:

Փաշինյանի կարծիքով՝ նման ընկերությունների, նման մասնագետների ձևավորումը  Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների: Նա նշեց՝ այդ մարդիկ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում:

Փաշինյանն ընդգծեց, որ առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է: Եվ ՏՏ ոլորտի լավագույն ուսանող և աշակերտ մրցանակակիրներին համարեց այդ պահանջարկի ձևավորման առաջամարտիկները: Վարչապետի կարծիքով՝ գիտելիքը ու հմտությունը հնարավորի սահմաններն ընդարձակելն ու մեծացնելն է: Եվ նա նկատեց, որ այդ մրցանակակիրները հենց զբաղված են հնարավորի սահմաններն ընդլայնելով: «Հնարավորի սահմաններն ընդլայնելու առաքելությունը պետք է դառնա պետական, հանրային առաքելություն, ժողովրդական առաքելություն: Ընդլայնելով հնարավորի սահմանը՝  մենք ընդլայնում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների, ժողովրդի ապագայի տեսլականի սահմանը»,-նշեց Փաշինյանը:

Նա հիշեց՝ ժամանակին շատ էր խոսվում այն մասին, թե ինչ կլինի, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում գործունեություն ծավալեն, երիտասարդությանը ներգրավեն իրենց աշխատանքներում: «Ես կտրականապես չեմ կարող ընդունել այն կեցվածքը, երբ որևէ կերպ փորձ է արվում գիտելիքը, իմացությունը, հմտությունը, զարգացումը հակադրել ազգային ինքնությանը»,-նշեց նա ու համոզվածություն հայտնեց՝ Հայաստանում միտքը հաղթել է, և դրա հաղթանակն անշրջելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել