Pastinfo.am-ը գրում է․

«Իմ կարծիքով՝ այսօր ոչ ոք կասկած չունի այն հարցում, որ Սահմանադրական դատարանն իսկապես անկախ է և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունից։ Եվ դա, ինչպես Դուք արդարացիորեն նկատեցիք, հենց այդպես էլ պետք է լինի իրավական պետությունում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայիս վիճակին եւ այն դիտարկմանը, թե շատերի գնահատմամբ, այսօր Հայաստանն ունի այնպիսի Սահմանադրական դատարան, ինչպիսին կերազեր ունենալ իրավական պետության ձգտող ցանկացած պետություն:

Նշենք, որ Գոռ Հովհաննիսյանն իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Գերմանիայում՝ դասավանդելով հայտնի համալսարաններում։
Նրա խոսքով, դատարանի անկախությունը չափազանց թանկ արժեք է, և այն պետք է ամեն գնով պահել ու ամրապնդել։ «Անցած շաբաթ ես իմ ուսանողներին տարել էի էքսկուրսիա Բեռլինի Սահմանադրական դատարան, որտեղ մեզ ընդունեց, դատարանի դատավորներից մեկը՝ պարոն Յուրգեն Քիպը։ Իր զեկույցի ընթացքում նա անընդհատ շեշտում էր դատավորի անկախության կարևորությունը, այն, որ ոչ ոք երբեք դատավորին ոչինչ չի կարող անել իր կարծիքի ու կայացրած որոշման պատճառով, ինչքան էլ որոշումը խնդրահարույց ու անընդունելի լինի, առանց դատավորի համաձայնության չի կարելի նրան տեղափոխել այլ դատարան և ալն։ Ու նաև ընդգծեց, որ դատավորի իր քառասնամյա պրակտիկայի ընթացքում դեռ չի եղել գեթ մի դեպք, որ որևէ պաշտոնյա փորձի ինչ-որ կերպ ազդել իր կողմից կայացվող որոշումների վրա, որովհետև այդ պաշտոնյան հաջորդ օրն ստիպված կլինի հրաժարական տալ իր պաշտոնից»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Բեռլինի ՍԴ դատավոր Յուրգեն Քիպը ներկայացրել է նաև դատավորների անկախության ակունքները Գերմանիայում, թե ինչպես է Պրուսիայի վարչական դատարանը հակաիրավական ճանաչել Ֆրիդրիխ-Վիլհելմ 2-րդ կայսեր կարգադրությունը՝ արգելելու մի թատրոնի ցուցադրությունը, որը քաղաքական ենթատեքստ է ունեցել ու հարմար չի եղել կայսրին. «Եվ կայսրը ուղղակի ոչինչ չի արել, թատրոնը շարունակել է ցուցադրվել նրա կամքին հակառակ։ Հետևաբար, ոչ թե պետք է դժգոհել, որ դատարաններն անկախ են իշխանության մյուս երկու ճյուղերից, այլ պիտի ուրախանալ դրա համար ու հնարավորինս խրախուսել դա։ Ասվածը վերաբերում է հատկապես օրենսդրին ու գործադիր իշխանությանը։ Նրանք ոչ թե պիտի փորձեն դատարանները համալրել իրենց հնազանդ դատավորներով, որպեսզի ցանկացած ժամանակ ստանան իրենց հարմար դատական որոշումներ, այլ, հակառակը, հենց իրենք պիտի ամեն ինչ անեն, որ դատարանները լինեն անկախ, և դրա դեմ ուղղված ցանկացած քայլ խստորեն պատժվի»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել